Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդներն այսուհետ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ կարող են դիմել էլեկտրոնային համակարգի միջոցով:

Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում` փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 700-ն որոշման մեջ:

Փոփոխությամբ սահմանված է ներդնել փաստաթղթերի ընդունելության էլեկտրոնային dev-fs.emis.am համակարգ՝ օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների դիմումների փաստաթղթերի ներկայացման համար:

Համակարգի կիրառումը նպատակ ունի դյուրացնել անձնական գործերը վարելու և հաշվառելու ընթացակարգերը: Նոր էլեկտրոնային համակարգը հնարավորություն կընձեռի ներգրավելու օտարերկրյա դիմորդներին ՀՀ ուսումնական հաստատություններ, ընդլայնելու աշխարհագրությունը, ավելացնելու օտարերկրյա ուսանողների թիվը: Համակարգում նախատեսվող ՀՀ ուսումնական հաստատությունների մասին համապարփակ տեղեկատվությունն օտարերկրացիների համար գրավիչ և տեսանելի կդարձնի ՀՀ ուսումնական հաստատությունները, առաջարկվող ծառայությունները (կրթական աստիճաններ, մասնագիտություններ, ուսուցման եղանակներ և լեզուներ, ուսման վարձավճարներ և այլն): Արդյունքում կբարձրանան ՀՀ կրթական համակարգի միջազգային գրավչությունն ու հեղինակությունը:

Փոփոխություններով նախատեսված են օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ցանկում ներառել նաև առողջության ապահովագրության փաստաթուղթ, ծննդյան կամ մկրտության վկայական՝ պարզեցնելով փաստաթղթերի հաշվառման գործընթացը: Սահմանվում է նաև ուսումնական հաստատության կողմից օտարերկրացու հետ կնքվող պայմանագրում ուսանողի՝ բանկային հաշվեհամար ունենալու և ուսման վարձավճարն անկանխիկ եղանակով իրականացնելու պահանջ:

Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների դիմում-հայտերի ներկայացման dev-fs.emis.am համակարգն այժմ գտնվում է տեխնիկական փորձարկման փուլում, շահագործման վերաբերյալ մանրամասները կտեղեկացվեն լրացուցիչ: