Մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարում ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության հայտագրումը:

ՄԿՈւ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում:

Համակարգում ներկայացված են ՀՀ բոլոր նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները։

2024-2025 ուսումնական տարում՝

  • Ոլորտային մասնագիտությունների գծով (արվեստ, սպորտ և առողջապահություն ոլորտներ) ընդունելության դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2024 թվականի օգոստոսի 8-ը ներառյալ՝ մինչև ժամը 18:00: Քննությունները կանցկացվեն օգոստոսի 9-ից 17-ը ներառյալ:
  • Ոչ ոլորտային մասնագիտություններով դիմումները կընդունվեն մինչև 2024 թվականի օգոստոսի 17-ը ներառյալ՝ ժամը 18:00:

Բացի ոլորտային (արվեստ, առողջապահություն և սպորտ) մասնագիտություններից, որոնց համար նախատեսված է քննություն, մնացած բոլոր մասնագիտությունների համար ընդունելության մրցույթն անցկացվում է՝ հիմք ընդունելով հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականները:

Դիմորդների կողմից դիմում-հայտերը Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում` dimord.emis.am կայքում, կարող են փոփոխվել մինչև գործերի ընդունման օրվա ավարտը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ընդունելության երկրորդ փուլին մրցութային հիմունքով կարող է մասնակցել ընթացիկ տարում մասնագիտական ուսումնական հաստատություն մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև առաջին փուլին դիմում հայտ չներկայացրած դիմորդը՝ ոչ ոլորտային մասնագիտությունների գծով, իսկ ոլորտային մասնագիտությունների գծով՝ տվյալ տարվա առաջին փուլին մասնակցած և դրական գնահատական ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդը:

Երկրորդ փուլի հայտերն ընդունվում են թափուր տեղերի հրապարակումից հետո մինչև օգոստոսի 24-ը՝ ժամը 18:00 ներառյալ: