Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին մասնակցել են շուրջ 60 ուսուցիչ 14 երկրից:

Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ տարեցտարի ընդլայնվում է ծրագրի մասնակիցների աշխարհագրությունը. «Սփյուռքում կրթությամբ զբաղվելը առաքելություն է՝ ուղղված հայապահպանությանը, մարտահրավերների դիմակայմանը: Եվ այստեղ ձեր դերը շատ ենք կարևորում, որովհետև դուք պայքարի առաջնագծում եք»:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ Հայաստանում այժմ իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ կրթական բոլոր մակարդակներում՝ ապահովելու համընդհանուր կրթության հասանելիությունն ու բարձր որակը։ Ըստ նրա` ձեռնարկվող քայլերը միտված են Հայաստանի կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը: Անդրադառնալով սփյուռքի ծրագրերին` նա հատկապես կարևորել է դասագրքերի տրամադրումը, ուսուցիչների վերապատրաստումը, ուսուցիչների համաժողովը, համահայկական օլիմպիադայի կազմակերպումը, համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթը և այլն, որոնք ուղղված են սփյուռքում կրթության որակի ապահովմանը։ Որպես սփյուռքում իրականցվող ծրագրերի կարևոր նպատակադրում՝ Ա. Մարտիրոսյանը կարևորել է նաև Հայաստանի և հայկականի նկատմամբ հետաքրքրության աճի բարձրացմանը միտված ծրագրերը, օրինակ՝ Հայագիտական կենտրոնների ցանցի ընդլայնումը:

Նրա խոսքով՝ այսօր գործում է 15 հայագիտական կենտրոն 12 երկրում, և ինչպես տեղեկացրել է՝ առաջիկայում նախատեսվում է Եվրոպայի կենտրոններից մեկում անցկացնել կոնֆերանս՝ որոշակիացնելու հայագիտական ցանցային համալսարանի հեռանկարը:

Մասնակից ուսուցիչները ևս շնորհակալություն են հայտնել ծրագրին մասնակցելու հնարավորության, նոր գիտելիքով վերազինման, շարունակական ուշադրության համար և նշել, որ Հայաստանից գնում են նոր լիցքերով ու ոգևորվածությամբ։

Միջոցառման շրջանակում վերապատրաստված ուսուցիչները նախարարության կողմից ստացել են վկայագրեր:

Նշենք, որ դասընթացներին զուգահեռ՝ մասնակիցների հետ անցկացվել են նաև մի շարք հանդիպումներ, կազմակերպվել են ճանաչողական-ուսուցողական շրջայցեր:

Ծրագիրն իրականացրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը:

Նշենք, որ վերապատրաստման դասընթացներն իրականցվել են հուլիսի 1-ից 26-ը՝ հետևյալ 7 ծրագրով.

1. ուսուցում մանկապարտեզում,

2. ուսուցում մեկօրյա դպրոցում,

3. տարրական ուսուցում,

4. հայոց լեզվի և գրականության դասավանդում,

5. հայոց պատմություն և մշակույթի պատմություն,

6. պարարվեստ,

7. տնօրենների վերապատրաստում: