ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել է Շիրակի մարզի մի շարք ուսումնական հաստատություններ, որոնց կառուցման աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նրան ուղեկցել են Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջինը ծանոթացել է Հոռոմ գյուղի նորակառույց մանկապարտեզի պայմաններին: Այստեղ կառուցման և ներքին հարդարման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ բակային աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Այս համատեքստում կարևորվել է այդ աշխատանքների պատշաճ իրականացումը՝ գլխավորապես հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները: Մանկապարտեզը նախատեսված է 75 երեխայի համար՝ 3 խմբով: Արաքսիա Սվաջյանը հետաքրքրվել է նաև կադրային ապահովման հարցով՝ մտահոգություն հայտնելով, որ մարզում նախադպրոցական կրթությամբ մասնագետների պակասը լրջագույն խնդիր է: Տեղում քննարկվել է նաև գույքի տրամադրման ընթացակարգը:

Այցը շարունակվել է Ազատանի միջնակարգ դպրոցում, որին կից կառուցվում է նոր մասնաշենք: ԿԳՄՍ նախարարի տեղակալը, մինչ նորակառույց մասնաշենքում ընթացող աշխատանքներին ծանոթանալը, շրջել է գործող դպրոցում, որտեղ սովորում է 710 աշակերտ: Նա տեղեկացրել է՝ դպրոցները վերանորոգվող հաստատությունների ցանկում ներառելուց առաջ իրականացվում է սեյսմիկ գնահատում:

Փոխնախարարն այցելել է նաև Կապսի միջնակարգ դպրոց, որը մոդուլային (տիպային) շենք է. այնտեղ շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են: Տեղում արձանագրվել են առկա խնդիրները, քննարկվել դրանց հնարավոր լուծումները, ներկայացվել են նաև կատարված փոփոխությունները: Մասնավորապես՝ կարևորվել են ներառականության ապահովման և ջրահեռացման համակարգի անխափան գործարկման աշխատանքները: Դպրոցը նախատեսված է 63 աշակերտի համար:

Այցի վերջին կանգառը Գյումրու «Զանգակ» մանկապարտեզն էր, որտեղ բակային աշխատանքները ևս ավարտական փուլում էին: Տնօրենի խոսքով՝ մանկապարտեզը մանկավարժական կադրերի խնդիր չունի և պատրաստ է ընդունել սաների: Այն նախատեսված է 75 երեխայի համար՝ 3 խմբով:

Ամփոփելով այցը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ՏԻՄ գործընկերների հետ ևս մեկ անգամ քննարկել է մարզում դպրոցաշինության վերաբերյալ ընթացիկ խնդիրները և նախանշել դրանց լուծման ուղիները: