ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել են գեղարվեստական և վավերագրական կինոյի անվանի ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանին՝ քննարկելու «Հավերժական լույս» լիբրետոյի կյանքի կոչման և ստեղծագործական փուլի մեկնարկի մանրամասները:

Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Վարպետի նոր ստեղծագործությունը նախատեսվում է ներառել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 2025 թվականի ծրագրում: Մասնավորապես՝ քննարկվում է «Հավերժական լույս» լիբրետոյի առաջնախաղով թատերաշրջանի բացումն իրականացնելու հնարավորությունը: Այդ նպատակով հանդիպում է տեղի ունեցել նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի հետ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով մեծանուն Վարպետի վաստակն ու ներդրումը հայկական կինոյի զարգացման գործում, ընդգծել է՝ «Հավերժական լույս» լիբրետոյի առաջնախաղը, իրավամբ, կարող է դառնալ նոր խաղաշրջանի գլխավոր իրադարձությունը: Նա նշել է, որ Արտավազդ Փելեշյանի նոր ստեղծագործությունն արվեստի տարբեր ճյուղերի հետաքրքիր համադրություն է, և ամեն ինչ պետք է անել, որպեսզի լիբրետոն հասանելի լինի ոչ միայն հայ, այլև համաշխարհային բեմերում:

Արտավազդ Փելեշյանի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքները բավական ժամանակատար կլինեն՝ հաշվի առնելով, որ «Հավերժական լույս» լիբրետոն բարդ ստեղծագործություն է:

Արտավազդ Փելեշյանի հետ հանդիպմանը քննարկվել են նաև կինոարտադրության զարգացման ուղղությամբ պետության կողմից իրականացվող քաղաքականությանը վերաբերող հարցեր: