Հաշված օրեր են մնացել քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Երվանդ Մկրտչյան

Միջին ու երկար տարածությունների վազորդ, Հայաստանի ռեկորդակիր Երվանդ Մկրտչյանն իր կարիերայի առաջին Օլիմպիական խաղերին է մասնակցելու:

- Երվա՛նդ, մասնակցելու եք Ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Ի՞նչ զգացողություններ ունեք:

- Այս հարցը շատ են տվել, բայց եթե անկեղծ՝ չեմ կարող էմոցիաներս նկարագրել: Սա իմ առաջին մեծ, ամենաբարձր մակարդակի միջազգային մրցումն է: Զգացողություններս աննկարագրելի են, տրամադրությունս՝ շատ լավ, մարզավիճակս՝ ավելի լավ, քան երբևէ:

- Բավականին դժվար ստացվեց Ձեր ճանապարհը դեպի Օլիմպիական խաղեր, և մինչև վերջին պահն էլ հստակ չէր՝ աթլետներից ով կգնա: Այդ անհանգստությունը չէր խանգարո՞ւմ:

- Հունիսի 20-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում բոլորս սրտի տրոփյունով սպասում էինք, թե ով կգնա: Ով էլ ընտրվեր Օլիմպիական խաղերին մասնակցելու համար, ես շատ մեծ ուրախությամբ կընդունեի այդ լուրը: Ես արդեն 12 տարուց ավելի սպորտում եմ, և սրանք իմ առաջին Օլիմպիական խաղերն են: Շատ ուրախ եմ, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն ընտրել է ինձ: Ուղղակի այնտեղ պետք է անեմ այն ամենը, ինչ մինչ օրս չեմ արել որևէ մրցման ժամանակ:

- Ձեր ակնկալիքները Փարիզ-2024-ից ինչպիսի՞ն են, Դուք ինչի՞ համար եք գնում Փարիզ:

- Նախևառաջ, շատ-շատ մեծ ցանկություն ունեմ փուլեր հաղթահարելու և հասնելու եզրափակիչ փուլ: Իսկ այնտեղ ցույց տալ լավ մասնակցություն և անձնական բարձր արդյունք գրանցել: Չասեմ, թե մեդալի հավակնորդ եմ, քանի որ դրանից հիմա մի քիչ հեռու եմ, բայց 2028-ի Օլիմպիական խաղերում հաստատ կպայքարեմ մեդալի համար: Արդեն ասացի, որ հիմա մարզավիճակս բարձր մակարդակի վրա է, ինքնազգացողությունս շատ լավ է: Ըստ էության՝ Հայաստանի նոր ռեկորդի առումով սպասելիքները բարձր են, բայց ես մտածում եմ ռեկորդից ավելի լավ արդյունք արձանագրելու և գոնե 1-2 փուլ հաղթահարելու մասին:

- Ի՞նչը կարող է խանգարել եզրափակիչ փուլ հասնելուն:

- Մարզավիճակս, այո, լավ է, բայց մարզումային պայմաններն էլ շատ կարևոր են: Անկեղծ, չեմ ուզում բողոքավոր լինել (ծիծաղում է՝ հեղ.): Կփորձեմ այստեղի պայմաններով ավելի մեծ արդյունքի հավակնել այնտեղ: Ոչ միայն այսպիսի մեծամասշտաբ մրցումներից առաջ, առհասարակ, պայմանները էական դեր ունեն: Ընդամենը մեկ ստադիոն ունենք՝ Արտաշատում, որը միջազգային ստանդարտների մարզադաշտ է հիմա, բայց ինձնից շատ հեռու է. ես ապրում եմ Գյումրիում, չեմ կարող ամեն անգամ այնտեղ մարզումների գնալ, ուստի մարզվում եմ մեզ մոտ: Տեսնենք՝ ինչ կկարողանամ անել այս ամենով հանդերձ:

- Փարիզում անցկացրած հավաքը որքանո՞վ նպաստեց Ձեր մարզավիճակի լավացմանը:

- Բավականին դրական ազդեցություն է թողել, որովհետև միջավայրի ամեն մի նոր փոփոխություն արդյունքների աճ է տալիս, այնտեղ նորմալ պայմաններ են, լարվածություն ու անհանգստություն չունես, չես մտածում, թե կարող է ոտքդ այնպես դնես, որ վնասվածք ստանաս: Մեզ մոտ ամեն անգամ մեծ լարվածություն կա. խորդուբորդ տարածքներում ենք վազում, միշտ վնասվածքների վտանգ կա: Բարձր մակարդակի պայմաններում հավաքից հետո սպասելիքները մեծանում են:

- Արդեն շատ անգամ եք խոսել, թե ինչպես ընտրեցիք աթլետիկան: Հիմա կասե՞ք՝ եթե չլիներ վազքը, ապա ի՞նչ:

- Երևի թե ոչ մի այլ բան: Ես ինձ չեմ գտել ինչպես վազքի որևէ այլ տարածության, այնպես էլ աթլետիկայի այլ մրցաձևերի մեջ: Իմ անձնական մարզիչը հեռացատկորդ է եղել, ուզում էր, որ ես ևս այդ ձևով զբաղվեմ, բայց ես ավելի հակված էի միջին և երկար տարածությունների վազքին:

- Մինչ այս պահը Ձեր կարիերայում Ձեզ համար ամենահիշարժան պահը ո՞րն է եղել:

- Պատանի տարիքում Հայաստանի մեծահասակների չեմպիոն դառնալը:

Բլից հարցեր

- Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:

- Բրիտանացի վազորդ Մո Ֆարայի:

- Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:

- Եղիր բարի:

- Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

- Ընկերությունը, հարազատությունը:

- Ինչի՞ց եք վախենում:

- Կորցնելուց:

- Ո՞ւմ կամ ինչի՞ն եք հավատում:

- Աստծուն:

- Ի՞նչ վերնագիր կունենար Ձեր մասին գիրքը:

- «Բարի մարդու պատմություն» (ծիծաղում է՝ հեղ.):

- Հարց, որին միշտ ցանկացել եք պատասխանել, բայց դեռ չեն հարցրել:

- Նման հարց չկա, միշտ հարցնում են:

- Սիրելի ֆիլմը:

- «Հարսնացուն Հյուսիսից»

- Սիրելի գիրքը:

- Չունեմ:

- Երաժշտական ժանրը:

- Ռեփ: