Հայաստանի Հանրապետությունը հայտ է ներկայացրել հյուրընկալելու «ICPC» ծրագրավորման համաշխարհային ուսանողական օլիմպիադան:

Հայաստան ժամանած «ICPC հիմնադրամի» նախագահ Ուիլյամ Փաուչերի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար և նշել՝ օլիմպիադայի անցկացումը կարևոր է ոչ միայն որպես իրադարձություն, որն ինքնին նշանակալի է, այլև գործընկերության և հետագա համագործակցության հաստատման ամուր հիմք:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում առաջնահերթություն է, և նմանօրինակ միջոցառման կազմակերպումը ռազմավարական ուղղությունների զարգացման տրամաբանական շարունակությունն է:

Անդրադառնալով տեխնոլոգիական կրթության զարգացմանը՝ նախարարը ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող այն ծրագրեր, որոնք հետաքրքրություն են առաջացրել տարբեր երկրներում: Այս համատեքստում նա, մասնավորապես, նշել է ԹՈՒՄՈ կենտրոնի ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, որոնք մեծապես զարգացնում են երեխաների տեխնոլոգիական կրթության հնարավորություններն ու ստեղծագործականությունը: Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ դպրոցներում իրականացվող ռոբոտաշինության և ինժեներական «Արմաթ» լաբորատորիաների, ինչպես նաև 15 ավագ դպրոցներում 2023 թ. սեպտեմբերից մեկնարկած «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագիրը:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները և անդրադարձել ակադեմիական քաղաքին, որի շրջանակում գործելու է տեխնոլոգիական կլաստերը:

«ICPC հիմնադրամի» նախագահ Ուիլյամ Փաուչերը շնորհակալություն է հայտնել ընդունելության և հեղինակավոր մրցաշարը հյուրընկալելու հետաքրքրության համար: Նա նշել է՝ մրցույթը խրախուսում է ուսանողներին զարգացնել իրենց ծրագրավորման և խնդիրների լուծման հմտությունները, թիմային աշխատանքի կարողությունները և ստեղծում է հնարավորություն շփվելու միջազգային գործընկերների հետ։ Նրա դիտարկմամբ՝ ICPC մրցույթին մասնակցելը մեծ պատիվ և կարևոր ձեռքբերում է շատ ուսանողների համար, որոնք ձգտում են կարիերայի առաջխաղացմանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ուիլյամ Փաուչերը նաև բարձր է գնահատել Հայաստանի գործադրած ջանքերը կրթական համակարգի բարեփոխման համատեքստում:

Նշվել է՝ Հայաստանի բուհերի ներկայացուցիչները տարիներ ի վեր մասնակցություն են ունեցել ծրագրավորման համաշխարհային հեղինակավոր մրցույթին և արձանագրել բարձր արդյունքներ:

Ժաննա Անդրեասյանը նշել է նաև, որ վերջին տարիներին Հայաստանը միջազգային խոշոր միջոցառումների անցկացման փորձ է կուտակել: Մասնավորապես՝ 2022 թվականին Հայաստանում է անցկացվել Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան, որին մեծ թվով ներկայացուցիչներ են մասնակցել աշխարհի շուրջ 70 երկրներից: Մեծ փորձ է կուտակվել նաև մարզական խոշոր միջազգային առաջնությունների կազմակերպման առումով. «Ունենք բավարար կարողություն անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու համար՝ ներգրավելով կամավորների, անցկացնելով նաև մշակութային միջոցառումներ, ինչպես նաև լուծելով լոգիստիկ բոլոր հարցերը՝ մեծ թվով երկրների պատվիրակություններ հյուրընկալելու առումով»:

Նշենք՝ հայաստանյան բուհերից առաջինը «ICPC»-ին միացել է Երևանի պետական համալսարանը՝ 2001 թվականին։ Հետագայում մրցույթներին մասնակցել են նաև Հայ-ռուսական, Հայաստանի ամերիկյան, Հայաստանի պետական պոլիտեխնիկական համալսարանները։ Նախորդ ուսումնական տարում Հայաստանի քառորդ եզրափակիչ փուլում գրանցվել է մասնակցության ռեկորդային ցուցանիշ՝ 9 բուհի 32 թիմ։

«ICPC» օլիմպիադայում Հայաստանի ներկայացուցիչները լավագույն արդյունքը գրանցել են Եգիպտոսի Լուքսոր քաղաքում անցկացված «ICPC» ծրագրավորման համաշխարհային ուսանողական 46-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլում, որի շրջանակում ԵՊՀ թիմի անդամները լուծել են առաջադրված 11 խնդիրներից 7-ը և գրանցել բացառիկ արդյունք՝ մասնակից 124 թիմերի շարքում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը: