ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը հուլիսի 21-ին Շիրակի մարզի Արևիկ գյուղում կանցկացնի «Լավաշի կախարդանքը» փառատոնը:

«Լավաշի կախարդանքը» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2023 թվականին: Այս տարի փառատոնը նվիրվում է հայկական լավաշ թխելու ավանդույթը 2014 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու 10-ամյակին:

Փառատոնի ընթացքում տեղի կունենան տարբեր մշակութային միջոցառումներ՝ լավաշի թեմայով բեմականացում և գեղանկարների ցուցահանդես, պատ-գեղանկարի (սթրիթ արտ) ստեղծում, կարպետագործության և ուլունքագործության վարպետաց դասեր, Գյումրու հուշանվեր-դռների պատրաստում, երեխաների համար՝ կավճանկարչություն և երաժշտություն՝ նորաստեղծ «Ֆոլկաստիկ» բենդի կատարմամբ:

Գյուղական մթերքներով լի տաղավարները կներկայացնեն ոչ միայն Արևիկ, այլև հարակից գյուղերը՝ Շիրակի մարզի Հայկավան, Հացիկ, Փոքրաշեն, Կարմրաքար, Բաշգյուղ: Տեղի կունենա լավաշի և այլ ուտեստների համտես, կներկայացվի նաև արցախյան խոհանոցը։

Փառատոնի հիմնական նպատակը Արևիկ համայնքի լավաշի թխման ավանդույթի վերարժևորումն ու հանրահռչակումն է, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և իրազեկման միջոցով համայնքային կյանքի աշխուժացումը, գաստրո, էթնո և էկո զբոսաշրջության զարգացման խթանումը:

Նշենք, որ փառատոնի առանցքում և՛ գյուղը, և՛ փառաբանման առարկան՝ լավաշը, պատահական չեն ընտրվել: Արևիկը դեռևս խորհրդային տարիներից հռչակված է եղել հացթուխներով և կարմրահատ ցորենից թխվող լավաշով, ուստի փառատոնի հիմնական ուղերձը թոնրում ավանդական եղանակով թխվող լավաշ հացի փառաբանումն է: 2023 թվականին պատ-գեղանկարի միջոցով Արևիկ համայնքի մանկապարտեզի պատին պատկերվել է Գ. Խանջյանի «Հացը լեռներում» կտավը։

Նախորդ տարվա փառատոնին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.youtube.com/watch?v=NohxmzdTo-A