ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (բացի Տավուշի մարզի դպրոցներից) 2-3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարաններում 2024-2025 ուստարում ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը:

Ուսումնական պլանի պե­տական, դպրոցական և անհատական բաղադրիչներով սահմանված ժամա­քանակի տնօրինմամբ հանրակրթական ուսումնական հաստատությունը կազմում է տվյալ տարվա իր ուսումնական պլանը:

Վերոնշյալ դասա­րաններում ուսումնական գործընթացը կազմակերպվում է Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի պահանջների հիման վրա:

2024-2025 ուսումնական տարվա 2-3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարանների ուսումնական պլանն ունի երեք՝ պետական, դպրոցական և անհատական (ընտրովի) բաղադրիչ:

Պետական բաղադրիչը ներառում է՝ ըստ դասարանների պետական պարտադիր առարկայացանկը և առարկայացանկում ընդգրկված ուսումնական առարկաներին հատկացված պարտադիր նվազագույն ժամաքանակները:

Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ուսումնական պլանի պետական բաղադրիչով հաստատության կողմից սահմանված առարկաներին: Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է սովորողների նախասիրություններին, ուսումնական հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով: Դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը կատարվում է մանկավարժական խորհրդի որոշմամբ՝ հիմք ընդունելով հաստատության, դասարանի պատրաստվածությունը, մանկավարժներով, ծրագրերով, դասագրքերով, երաշխավորված այլ ուսումնական գրականությամբ ապահովվածությունը և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ այլ պայմաններ։ 2-3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարաններում դպրոցական բաղադրիչի ամբողջ ժամաքանակի բաշխումը պարտադիր է:

Անհատական (ընտրովի) բաղադրիչի ժամերը հատկացվում են հաստատության կողմից սահմանված ուսումնական խմբակներին և ուսումնական նախագծերին համապատասխան կարգի պահանջների համաձայն: Անհատական բաղադրիչի ժամերը բաշխվում են՝ հաշվի առնելով խմբակի կամ նախագծի իրականացման համար հատկացվող տարեկան ժամաքանակները։ Անհատական (ընտրովի) բաղադրիչի ժամաքանակից ժամեր են հատկացվում «Առողջ ապրելակերպ» (5-8-րդ և 10-րդ դասարաններ) և «Մասնագիտական կողմնորոշման ակումբներ» (8-րդ և 10-րդ դասարաններ) ուսումնական խմբակներին:

7-8-րդ և 10-րդ դասարաններում յուրաքանչյուր սովորող տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից (առարկաներից): Ուսումնական խմբակները և նախագծերը կազմակերպվում են պետական և դպրոցական բաղա­դրիչների ժամաքանակի շրջանակում՝ ըստ դասացուցակի իրականացվող ուսում­նական պարապմունքներից հետո:

Անհատական (ընտրովի) բաղադրիչի ժամաքանակը հաստա­տությունը բաշխում է ըստ կրթական աստիճանների, 7-8-րդ և 10-րդ դասարաններում՝ հաշվի առնելով նաև յուրաքանչյուր սովորողի կողմից իրականացվող առնվազն մեկ ուսումնական նախագծի ուղղվածությունն ու բովանդակությունը:

Ուսումնական պլանի պետական պարտադիր, դպրոցական և անհատական բաղադրիչներն ուղղված են Հանրակրթության պետական չափորոշչով, առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման, արժեքների ձևավորմանը և զարգացմանը։ 2024-2025 ուստարվա ուսումնական պարապմունքները 2-3-րդ, 5-8-րդ և 10-րդ, ինչպես նաև մյուս դասարաններում սկսելու, ավարտելու, ուսումնական պարապմունքների ընթացքում տրվող արձակուրդների ժամկետները սահմանվում են «Հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» պահանջների համաձայն:

Միաժամանակ ԿԳՄՍ նախարարությունը Տավուշի մարզի հանրակրթական պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին տրամադրել է 1-12-րդ դասարաններում 2024-2025 ուստարում ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը: