ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանը իրականացրել են հանճարեղ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված երաժշտական մուլտիմեդիա-համերգ՝ «Փարաջանով-Ազնավուր. 100 երաժշտական պերֆորմանսներ» խորագրով։

Այն տեղի է ունեցել Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում: Միջոցառմանը ելույթ է ունեցել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, «Նռան ձայնը» նախագծի էքսպերիմենտալ երաժշտական կատարումով հանդես են եկել Հովսեփ Աղջյանը և Շահեն Խանդկարյանը: Վահան Ստեփանյանի հեղինակած վիդեոարտի ուղեկցությամբ կազմակերպվել է երաժշտական մուլտիմեդիա ներկայացում-համերգ՝ երաժշտական LIVE պերֆորմանս՝ Տիգրան Մանսուրյանի երբևէ չկատարված օրիգինալ երաժշտությամբ:

Պերֆորմանսը ձայնագրված երաժշտությամբ կթողարկվի հատուկ limited edition վինիլային «Parajanov. Color of Pomegrante by Tigran Mansuryan» սկավառակով:

Նշենք, որ նախորդիվ կայացել է նաև Շառլ Ազնավուրին նվիրված երաժշտական մուլտիմեդիա-համերգը:

Հիշեցնենք՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի և անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակներն ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2024-2025 թվականների օրացույցում: