Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Մարզի կրթական հաստատություններ այցի շրջանակում ՀՀ վարչապետին ուղեկցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Աշտարակում Կառավարության ղեկավարն այցելել է նոր կառուցված խաղադաշտ: Ընդհանուր առմամբ Աշտարակ և Բազմաղբյուր բնակավայրերում կառուցվել է 4 խաղադաշտ: Ծրագրի արժեքը 267,3 մլն դրամ է, որից 93,5 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:
Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Սասունիկում, որտեղ կառուցվում է միջնակարգ դպրոց՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում՝ Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 350 մլն դրամ: Երկհարկանի դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն 2025 թվականին:

Ապարան համայնքում վարչապետը ծանոթացել է Շենավան բնակավայրում սուբվենցիոն ծրագրով նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքներին։ Ծրագրի արժեքը 282,9 մլն դրամ է, որից 198 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար: Արդեն իսկ կատարվել է շինարարական աշխատանքների 85%-ը:

Մարզային այցի շրջանակում վարչապետի հաջորդ կանգառը եղել է Ալագյազի մոդուլային մանկապարտեզում, որի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 863 մլն դրամ: Նախատեսվում է կառուցել 144 տեղ հզորությամբ մանկապարտեզ: Կառույցի հենակմախքը մետաղական է, հիմքերը՝ երկաթբետոնից, ժապավենային: Մանկապարտեզի մասնաշենքը մեկհարկանի է: Այն շահագործման կհանձնվի այս տարվա ընթացքում:

Կառավարության ղեկավարն այնուհետև ծանոթացել է Թալինի ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցման աշխատանքներին և ստեղծված պայմաններին։ Նշվել է, որ ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից. արժեքը 189,2 մլն դրամ է։
Կառավարության՝ կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավում ծրագրի շրջանակում Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի հանդիսությունների դահլիճի վերանորոգման աշխատանքներն են ներկայացվել վարչապետի մարզային այցի շրջանակում։ Ծրագրի արժեքը 9,8 մլն դրամ է: Դահլիճի ամբողջական կահավորման համար դպրոցի միջոցներից 5,5 մլն դրամի հատկացմամբ ձեռք է բերվել գույք։ Ծրագրի իրականացման արդյունքում դպրոցի հանդիսությունների դահլիճն ամբողջությամբ վերանորոգվել է: Այստեղ վարչապետ Փաշինյանին են ներկայացվել նաև 2023 թվականին Արագածոտնի մարզում իրականացված դպրոցների վերանորոգման և վերակառուցման աշխատանքները:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց, ծանոթացել կառուցման աշխատանքներին: 432 աշակերտի համար նախատեսված դպրոցի կառուցման արժեքը 2 մլրդ 327,3 մլն դրամ է: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ: Շինաշխատանքների ավարտը նախատեսվում է 2025 թ․-ին: