Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Կինոյի տանը կբացվի «Կորսված ետնաբեմ» ֆոտոցուցահանդեսը։ Առաջին անգամ կցուցադրվեն Ելենա Կարուսաարի լուսանկարները «Աշուղ Ղարիբ» ֆիլմի ետնաբեմից։ Բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 18:00-ին։

Ցուցահանդեսն իրականացվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Ռամբալկոշե» ժամանակակից արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ։

«Աշուղ Ղարիբ» ֆիլմը նկարահանված է ռուս պոետ Միխայիլ Լերմոնտովի համանուն պատմվածքի մոտիվներով։ Փարաջանովյան անկրկնելի ոճով, բայցև սովորականից ավելի կատակերգական երանգներով ստեղծված այս ֆիլմն էկրանին վերակենդանացնում է ուշ Միջնադարի Արևելքը՝ ներկայացնելով սիրելի կնոջ հետ միավորվել ձգտող աշուղի պատմությունը։ Թողարկվելով 1988 թվականին՝ «Աշուղ Ղարիբը» վարպետի վերջին ավարտուն աշխատանքն էր 1990 թվականի հուլիսին՝ մահից առաջ։

Լուսանկարները մի քանի տարի առաջ գտնվել են Սանկտ Պետերբուրգի փողոցային աղբամաններից մեկում՝ արկղի մեջ՝ բոլորը հատ-հատ ծրարավորած, ստորագրված ու դասավորված։ Թերևս դա էլ օգնել է հասկանալ, որ «Լենֆիլմ» կինոստուդիայի լուսանկարիչ-նկարիչ Ելենա Կարուսաարի ֆոտոշարքը մանրամասն պատմում է Փարաջանովի վերջին աշխատանքի մասին: Սև ու սպիտակ տպագրությունները, որոնք Կարուսաարն արել է՝ ֆիլմը վարձույթում գովազդելու ու առաջխաղացնելու համար, փոխանցում են նկարահանումներին տիրող մթնոլորտն ու խորասուզում առարկաների, կտորների և հյուսվածքների զարմանալի աշխարհ: