ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Արթիկի երիտասարդական տուն» բաց երիտասարդական կենտրոնի բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, Հայաստանում Արգենտինայի դեսպան Ռաֆայել Գոնզալեզ Ալեմանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, այլ համայնքների ներկայացուցիչներ:

Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին կարևոր իրադարձության առիթով և վստահություն հայտնել, որ Արթիկում երիտասարդական տան բացումը էական նշանակություն կունենա համայնքի երիտասարդների կյանքում՝ փոխակերպելով նրանց ներկան:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցներին համագործակցության, երիտասարդական տուն բացելու նախաձեռնության և այդկերպ պետական քաղաքականությանը համահունչ գործունեություն իրականացնելու համար: «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը հիմնել 25 երիտասարդական կենտրոն: Ուրախ եմ, որ այդ թիվն ավելի մեծ է լինելու՝ շնորհիվ այս նախաձեռնության: Շնորհավորում եմ Արթիկի երիտասարդներին, որոնք այս կենտրոնում կզարգացնեն իրենց կարողությունները, կապահովեն իրենց ինտելեկտուալ ժամանցը, կձևավորեն հանրային երկխոսություն, որը կլինի Արթիկ համայնքի, Շիրակի մարզի, Հայաստանի Հանրապետության կյանքը լավացնելու մասին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: Նա նաև հավելել է, որ կենտրոնը կլինի տարբեր ոլորտներում պետական քաղաքականությամբ իրականացվող ծրագրերի մասին իրազեկման հարթակ՝ համագործակցելով տարբեր կառույցների, միջազգային գործընկերների ու գերատեսչությունների հետ: Արթուր Մարտիրոսյանը կարևորել է այն հանգամանքը, որ կենտրոնը բացվում է հենց այն շրջանում, երբ վերջնական փուլում են «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի մշակման աշխատանքները, որոնց մասնակցել են նաև գործընկեր կառույցները:

«Արթիկի երիտասարդական տուն» բաց երիտասարդական կենտրոնը նախատեսված է 13-18 տարեկան պատանիների ու երիտասարդների համար՝ ծառայելով որպես ապահով տարածք նրանց քաղաքացիական ակտիվության, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման նպատակով:

Երիտասարդական կենտրոնը բացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի, Արթիկի համայնքապետարանի, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ և Արգենտինայի հայ համայնքի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ: