ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպմամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվում են բանակային խաղերը:

Բանակային խաղերի շրջանակում Տավուշի մարզում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին այսօր հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Մրցումներին մասնակցել են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են նաև կին ծառայողներ: Ընդհանուր առմամբ՝ խաղերին մասնակցում է 18 թիմ:

Մարտական փոխանցումավազքի մրցումներում հաղթող է ճանաչվել և առաջին տեղը զբաղեցրել ՊՆ ռազմական ակադեմիայի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է ՊՆ երրորդ բանակային կորպուսի, իսկ երրորդը հորիզոնականը՝ Հատուկ բանակային կորպուսի թիմերը: Բանակային խաղերի ընդհանուր մրցումներում կրկին առաջին երկու հորիզոնականները զբաղեցրել են ՊՆ ռազմական ակադեմիայի և ՊՆ երրորդ բանակային կորպուսի թիմերը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Պետական պահպանության ծառայության թիմը:

Նշենք՝ բանակային խաղերի առաջին օրը մրցումներն անցկացվել են «Կողմնորոշում» մրցաձևից: Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը: Բանակային խաղերի շրջանակում անցկացվել են նաև տարբեր զենքերից հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ:

Ռազմականացված քառամարտ, ռազմականացված կրոսավազք, կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգից, հրաձգություն «ՊՄ» ատրճանակից, հրաձգություն «ԴԴՀ» հրացանից մրցաձևերում ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևավճարով` 1-ին տեղ՝ 1 000 000 դրամ, 2-րդ տեղ՝ 500 000 դրամ, 3-րդ տեղ՝ 300 000 դրամ, 1-ին տեղ գրաված թիմը՝ գավաթով:

Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիր թիմի անդամները կպարգևատրվեն մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևավճարով` 1-ին տեղ՝ 300 000 դրամ, 2-րդ տեղ՝ 200 000 դրամ, 3-րդ տեղ՝ 150 000 դրամ:

Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկի արդյունքում մրցանակային տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթով: