ԿԳՄՍ նախարարությունը ցավով հայտնում է, որ հունիսի 29-ին 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության Երախտագիտության մեդալի շքանշանակիր, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Չարենցը՝ հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը։

ԿԳՄՍ նախարարությունն իր զորակցությունն է հայտնում ընտանիքի անդամներին և հարազատներին։

Անահիտ Չարենցը ծնվել է 1935թ. հունիսի 7-ին Երևանում: Երկու տարեկանում զրկվելով ծնողներից՝ նա մեծացել է մորական Աննա տատիկի և պապիկի՝ Ավետիս Կոդաբաշյանի խնամքի ներքո:

Անահիտ Չարենցը սովորել է Դերենիկ Դեմիրճյանի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո 1953 թվականին ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտ, իսկ մեկ տարի անց՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որն ավարտել է 1959թ. և աշխատանքի անցել Րաֆֆու անվան միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:

1962-1989 թթ աշխատել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տեքստաբանության բաժնում՝ որպես ավագ գիտաշխատող: Մասնակցել է Հովհ. Թումանյանի, Րաֆֆու, Դ. Դեմիրճյանի գիտական հրատարակությունների պատրաստման աշխատանքներին: 1963 թվականին դասախոսել է «Գիտելիք» ընկերությանը կից ժողովրդական համալսարանում:

Անահիտ Չարենցը մեծ ներդրում ունի չարենցագիտության զարգացման բնագավառում: 1955 թվականից ի վեր հետևողականորեն զբաղվել է Եղիշե Չարենցի ձեռագրերի հայտնաբերման, ուսումնասիրման և դրանց ստուգաբանման աշխատանքներով:

1975թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ե. Չարենցի ստեղծագործական վերջին շրջանը (1934-1937)» թեմայով: Ավելի ուշ ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Հրատարակել է «Չարենցի ձեռագրերի աշխարհում» մենագրությունը, իսկ 1983թ.՝ Եղիշե Չարենցի «Անտիպ և չհավաքված երկեր» մեծածավալ ժողովածուն:

Առանձին գրքույկով հրատարակել է նաև «Կոմիտաս» պոեմը, պոեմների ժողովածու, Չարենցի ստեղծագործությունների «Հատընտիր», Չարենցի երկերի չորսհատորյակը (1986) և «Վերջին խոսք» երկերի ժողովածուն (2007):

30-ից ավելի հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են Երևանի պետական համալսարանի «Չարենցյան ընթերցումներ-8» հատորում, 2003թ. Կոլումբիայի (ԱՄՆ) համալսարանի կողմից լույս ընծայած «Հեղափոխության պոետը» հոդվածների ժողովածուում, Կանադայի, Հոլանդիայի գիտական հանդեսներում:

Դասախոսություններով շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում:

Քրոջ՝ Արփենիկ Չարենցի հետ, մեծ ներդրում է ունեցել Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման և կայացման գործում, եղել է գիտական խորհրդի անդամ:

Արժանացել է «Գրական թերթ»-ի ամենամյա (1985), Ամերիկյան միջազգային քոլեջի հատուկ (1988), Ե. Չարենցի 110 ամյակին նվիրված հանդիսությունների (2007, Արցախ) մրցանակներին:

2022 թվականի մարտի 13-ին արժանացել է ՀՀ պետական պարգևի՝ Երախտագիտության մեդալի՝ հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում ներդրած ավանդի և երկարամյա գործունեության համար։

Հայաստանի գրողների միության և ՀՀ ԳԱԱ անդամ է:

Ունի երկու դուստր, երկու թոռ և երկու ծոռ:

Անահիտ Չարենցի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հուլիսի 3-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: Հուղարկավորությունը կկայանա Շահումյան 2 գերեզմանատանը: