ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման նպատակով:

Փորձագիտական գնահատման խումբն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը:

Մրցույթին մասնակցել և խմբի կազմում ընդգրկվել կարող են երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, երիտասարդության հատվածի դասընթացավարներ, փորձագետներ, հետազոտողներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, ովքեր ուղղակի և/կամ անուղղակի առնչվում են երիտասարդության հիմնախնդիրներին ու երիտասարդական պետական քաղաքականությանը և բավարարում են ստորև ներկայացվող պահանջներին:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝

  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (առնվազն բակալավրի որակավորման աստիճան),
  • երիտասարդության հատվածում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն 1 տարին՝ երիտասարդական հատվածում փորձագիտական աշխատանքի իրականացման փորձառություն, մասնավորապես, ծրագրի կառավարման, հետազոտությունների իրականացման բնագավառում (դաշտային հետազոտություններ իրականացնելու հմտություններ),
  • մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու, վերլուծելու, ամփոփելու, համակարգված ներկայացնելու հմտություններ,
  • ներհանրապետական գործուղումների մեկնելու պատրաստակամություն,
  • միջազգային երիտասարդական ծրագրերում ընդգրկվածությունը կդիտարկվի առավելություն,
  • այլ ոլորտներում փորձագիտական աշխատանքների իրականացման փորձառությունը կդիտարկվի առավելություն։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը`

  • դիմում՝ ուղղված «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմակերպման մրցութային հանձնաժողովի ղեկավարին (ձևը կցվում է),
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն (pdf կամ jpg ֆորմատով),
  • հայտադիմում (pdf կամ word ֆորմատով) (ձևը կցվում է),
  • ամփոփ տեղեկանք վերջին 3 տարում երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացրած գործունեության, փորձագիտական աշխատանքների իրականացման, հասարակական ակտիվության, տեղական և միջազգային (եթե այդպիսիք առկա են) երիտասարդական ծրագրերում ընդգրկվածության վերաբերյալ (առավելագույնը 2 էջ, pdf կամ word ֆորմատով) (ձևը կցվում է),
  • մոտիվացիոն տեսաուղերձ` փորձագիտական գնահատման խմբի աշխատանքներում ներգրավման վերաբերյալ (մինչև 2 րոպե տևողությամբ, ֆորմատը՝ .MP4, .MOV, .AVI, .M4V, .HEVC, ֆայլը կցելու անհնարինության դեպքում ներկայացնել ամպային միջավայրում տեղադրված տեսաուղերձի հղումը),
  • երաշխավորագիր-նամակ (ըստ ցանկության)։

Հայտերի ներկայացման ժամկետը և կարգը՝

Հայտերն ընդունվում են մինչև ս. թ օգոստոսի 2-ը ներառյալ։

Ներկայացված պահանջներին բավարարող և հետաքրքրված անձինք կարող են իրենց հայտն ուղարկել youth@escs.am էլեկտրոնային փոստին՝ նամակի վերնագրում նշելով «փորձագիտական գնահատման խմբի անդամ/անուն,ազգանուն»:

Հայտի ստացման մասին հայտատուն կտեղեկացվի երկօրյա ժամկետում` պատասխան էլեկտրոնային նամակի միջոցով:

Մրցույթի արդյունքների մասին հայտատուն կտեղեկացվի մինչև ս.թ. օգոստոսի 20-ը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Փորձագիտական գնահատման խմբում չեն ընդգրկվի այն թեկնածուները, ովքեր կներկայացնեն «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտատու քաղաքները/համայնքները և/կամ որոնց աշխատանքային/մասնագիտական գործունեությունը անմիջական կապված կլինի հայտատու քաղաքների/համայնքների հետ։

Փորձագիտական գնահատման խմբի կազմը սահմանափակ է, և վերջնական ընտրությունը կատարվելու է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմակերպման մրցութային հանձնաժողովի կողմից՝ համաձայն նշված պահանջների։

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 642 և 010 599 643 հեռախոսահամարներով: