Հաշված օրեր անց մարզաշխարհի ուշադրությունը կուղղվի Ֆրանսիայի մայրաքաղաքին, որտեղ կմեկնարկի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը:

Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Արթուր Դավթյան

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օխ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը կմասնակցի իր 4-րդ Օլիմպիական խաղերին, ինչը բացառիկ ցուցանիշ է համաշխարհային սպորտում:

-Արթուր, բավականին քիչ ժամանակ է մնացել Փարիզ-2024-ին: Ի՞նչ մարզավիճակում եք և ի՞նչ նախապատրաստություն պետք է դեռ անցնեք:

-Դեռ լիարժեք մարզավիճակում չեմ, քանի որ ծնկի վնասվածք ունեի, որը լիովին չի ապաքինվել: Վերջին շրջանում սկսել եմ աստիճանաբար ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ մարզվել: Երկար ժամանակ բուժումներ էի ստանում, բայց լիարժեք չեմ վերականգնվել: Ամեն դեպքում, այլևս ժամանակ չկա. պետք է ցավերին չնայել, քանի որ դրանք միշտ լինելու են: Իհարկե, կցանկանայի Օլիմպիական խաղերից առաջ որևէ վնասվածք չունենալ, որպեսզի կարողանայի հանգիստ պատրաստվել: Այդուհանդերձ, շարժվում ենք նախատեսված ծրագրով, ու վստահ եմ՝ կհասցնեմ լավագույնս մոտենալ խաղերին: Մինչև մրցումների մեկնարկը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ֆրանսիայում այն նույն գործիքների վրա, որոնք լինելու են խաղերում: Այնպես որ՝ այնքան էլ շատ տարբերություն չի լինի բուն մրցման ժամանակ: Թռիչքներ էլ չենք ունենա. հավաքից հետո միանգամից կուղևորվենք օլիմպիական ավան:

-Չորրորդ անգամ եք մասնակցելու Օլիմպիական խաղերին: Այս խաղերն ինչո՞վ են առանձնանում Ձեզ համար, և ինչպիսի՞ն են ակնկալիքները:

-Չէի ասի, թե որևէ բանով առանձնանում են: Այդուհանդերձ, այս անգամ ցանկանում եմ չեմպիոն դառնալ, քանի որ նախորդ խաղերին արդեն բրոնզե մեդալ եմ նվաճել: Ավելի լուրջ նախապատրաստություն ենք անցել, ու ավելի հասուն եմ մոտենում մրցումներին: Միանշանակ ձգտելու եմ ոսկե մեդալի: Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից արդեն ոսկե մեդալներ նվաճել եմ: Օլիմպիական խաղերի ոսկին պակասում է, և պետք է փորձեմ լրացնել մեդալներիս հավաքածուն:

-Հատկապես վերջին տարիներին Ձեզանից սպասելիքները միայն ոսկու տեսքով են: Ձեր յուրաքանչյուր հաղթանակից հետո որքանո՞վ է դժվար պատրաստվել հաջորդ մրցմանը: Արդյոք սա որոշակի լարվածություն առաջացնո՞ւմ է:

-Իհարկե, կա նման զգացողություն: Հիմա ավելի պատասխանատու ես մոտենում յուրաքանչյուր մրցման, քանի որ բոլորը սպասում են, որ նորից պետք է ոսկե մեդալ նվաճեմ: Ընդ որում՝ ինքս էլ ինձնից այդ սպասելիքներն ունեմ, քանի որ գիտեմ՝ կարող եմ դա անել: Դժվար է, բայց պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկրի պատիվը բարձր պահենք, ու մեր դրոշը միշտ ամենաբարձրը լինի:

-Հետաքրքիր է՝ Ձեր առաջին Օլիմպիական խաղերից ի վեր որքանո՞վ է փոխվել թե՛ պետության, թե՛ հասարակության վերաբերմունքը օլիմպիականների նկատմամբ:

-Առհասարակ, սպորտի հետ կապված շատ մեծ են փոփոխությունները: Մարզիկներին հիմա ավելի լուրջ ուշադրություն են դարձնում: Իսկապես, շատ բան է փոխվել: Սկսենք նրանից, որ մեր մարզադպրոցը պետք է կառուցվի: Շատ երկար տարիներ անընդհատ խոսվում էր այդ մասին, բայց ինչ-ինչ պատճառներով ձգձգվում էր: Հիմա այդ երազանքը շատ մոտ է: Բոլորս հավատում ենք, որ վերջապես կունենանք ամենաբարձր չափանիշներին համապատասխան մարզադպրոց ու ինքներս էլ կհասցնենք այնտեղ մարզվել: Բազմաթիվ ծրագրեր կան՝ ուղղված մարզիկների խրախուսմանը. ավելացել են թոշակները նպաստները: Այս ամենը, իհարկե, շատ է օգնում, որ մարզիկները կենտրոնանան միայն իրենց մարզումների վրա ու չմտածեն այլ աշխատանքներով զբաղվելու մասին:

-Իսկ այս ընթացքում որքանո՞վ է փոխվել Արթուր Դավթյանը՝ որպես մարզիկ և որպես մարդ:

-Դե, միանշանակ, փորձն է ավելացել:

-Արդյոք փորձի հետ հուզմունքը նվազե՞լ է...

-(ժպտում է՝ խմբ.) Որքան էլ շատ մասնակցես Օլիմպիական խաղերին, միևնույն է՝ նույն լարվածությունն ու հուզմունքն ապրելու ես: Բայց որքան լավ պատրաստ լինես, այնքան հեշտ կկարողանաս այդ ամենը կառավարել: Եթե լավ մարզավիճակում ես մոտենում, լարվածությունը չի կարող քեզ խանգարել: Օլիմպիական խաղերը 4 տարին մեկ են անցկացվում, և եթե ձգտում ես հասնել երազանքիդ, անպայման թե՛ հուզմունք ես ունենալու, թե՛ լարվածություն: Պարզապես պետք է լավ մարզավիճակում լինես՝ այդ ամենը կառավարելու համար:

-Ծանոթ եք Ձեր բոլոր մրցակիցներին: Եթե իրատես լինենք, որքանո՞վ եք մոտ Ձեր չեմպիոնական երազանքի իրականացմանը:

-Մի քանի մարզիկներ, այդ թվում՝ ես, կարող ենք Օլիմպիական չեմպիոն դառնալ: Պարզապես այստեղ նյարդերի պայքար է լինելու: Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ով իրեն ինչպես կկարողանա կառավարել, ինչ մարզավիճակում կլինի: Իհարկե, բախտի գործոնը ևս մեծ է: Պետք է բախտը քեզ ժպտա. առանց դրա չի լինում: Բոլորն էլ ուժեղ մարզիկներ են: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կստացվի, շատ լուրջ պայքար է լինելու:

-Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ են Ձեր և Ձեր սերնդի հաջողությունները նպաստում, որպեսզի ավելի մեծ թվով երեխաներ ցանկանան զբաղվել մարմնամարզությամբ:

-Կարծում եմ՝ շատ են նպաստում: Երիտասարդ սերունդը, իմ կարծիքով, պետք է մեզնից ավելի ուժեղ լինի: Եթե մի մարզադպրոցում մարզվում ես այնպիսի մարզիկների հետ, որոնք բարդ վարժություններ են կատարում, ինքդ էլ ձգտում ես դրան ու մտածում ես՝ եթե կողքինդ կարողանում է անել, դու էլ կարող ես: Հակառակ դեպքում՝ շատ վարժություններ ու էլեմենտներ շատ բարդ ու անհնարին են թվում: Մարզիչների պահանջները ևս մեծանում են: Պետք է կարողանանք ժամանակին համընթաց գնալ. ամեն ինչ շատ արագ է զարգանում:

-Իսկ երեխաներին ներգրավելու խնդիր ունե՞նք, թե՞ մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը բավարար է:

-Կարծում եմ՝ միակ խնդիրը մարզադպրոցի պայմաններն են: Եթե դրանք ավելի լավը լինեին, վստահ եմ՝ ավելի մեծ թվով երեխաներ կհետաքրքրվեին մեր մարզաձևով:

Բլից հարցեր

  • Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:
  • Ռոնալդինյոյի:
  • Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:
  • Նման խորհուրդներ շատ են եղել:
  • Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:
  • Մարդ լինելը:
  • Ձեր կյանքի կանոնները:
  • Լինել համեստ, օգնող և հավատքով:
  • Ինչի՞ց եք վախենում:
  • Հարազատներին կորցնելուց:
  • Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:
  • Աստծուն: