ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում հունիսի 25-28-ը կայացել է ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական 10-րդ համաժողովը:

Համաժողովի բացման արարողությունը տեղի է ունեցել Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում: Ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության պետական երիտասարդական քաղաքականության և կրթական գործունեության վարչության պետ Դմիտրի Պոկրովսկին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան 3-րդ քարտուղար Դենիս Նազարովը և Գավառի համայնքապետարանի Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պատասխանատու Նարեկ Մուրադյանը:

ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը ողջունել է ՌԴ-ից ժամանած հյուրերին և համաժողովի բոլոր մասնակիցներին՝ վստահություն հայտնելով, որ նրանց միջև արդյունավետ շփում կկայանա:

«Համաժողովի նպատակն է զարգացնել համագործակցության ուղիները՝ օգտագործելով ինտելեկտուալ ներուժը և երկու երկրների երիտասարդության միջև կապը: Վստահ եմ, որ ֆորումն արդյունավետ կլինի: Համաժողովի օրերը հագեցած են ֆորմալ և ոչ ֆորմալ միջոցառումներով: Շարունակե՛ք լինել ակտիվ և առավելագույնս օգտագործեք այս հնարավորությունը»,- ասել է Զարա Ասլանյանը: Նա նաև ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է երիտասարդական ոլորտի քաղաքականությունը և այդ ուղղությամբ տարաբնույթ ծրագրեր է իրականացնում: Նա, մասնավորապես, նշել է, որ 2023 թվականին ոլորտում 28 երիտասարդական ծրագիր է իրականացվել:

Համաժողովին մասնակցել են 18-35 տարեկան երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդ առաջնորդներ, Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդական քաղաքականության համակարգերի ներկայացուցիչներ, բուհերի ուսանողներ և երիտասարդներ:

Համաժողովի շրջանակում զուգահեռաբար գործել են երեք թեմատիկ աշխատարաններ հետևյալ թեմաներով՝ Երիտասարդական ձեռներեցություն, Երիտասարդական քաղաքականության իրականացումը Հայաստանի և Ռուսաստանի մարզերում, Երիտասարդական գործունեություն համալսարաններում և երիտասարդների քաղաքացիական ներգրավվածություն:

Աշխատարաններում իրականացվող քննարկումներից և բանախոսություններից բացի՝ երիտասարդները մասնակցել են նաև ճանաչողական այցերի Գավառում և Երևանում: Համաժողովի մասնակիցներն այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ «Մատենադարան», Սևանավանք վանական համալիր, Հայրավանք, Հաղթանակի զբոսայգի և այլն:

ՌԴ-ից ժամանած համաժողովի մասնակիցները նշել են, որ դրական տպավորություն են ստացել տեղացի երիտասարդների հետ շփումից և նոր ընկերներ են ձեռք բերել, ինչպես նաև հիացած են Հայաստանի տեսարժան վայրերով: Հայաստանցի երիտասարդներն ընդգծել են, որ համաժողովը կարևոր էր ոչ միայն նոր ծանոթությունների և համագործակցությունների առումով, այլև երիտասարդների խոսքի բարձրաձայնման տեսանկյունից:

Համաժողովի փակման արարողությանը մասնակիցներին տրվել են հավաստագրեր: