ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն օրերս մասնակցել է Fastex-ի կազմակերպած միջոցառմանը, որի շրջանակում խրախուսական պարգևատրումներ են ստացել բարձր արդյունքներ գրանցած ավելի քան 100 մարզիկներ, մարզիչներ ու բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ:

Պարգևատրվել են ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Արման Անդրեասյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ծանրորդներ Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը, Սամվել Գասպարյանը, Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Գարիկ Կարապետյանը, Գոռ Սահակյանը, Հակոբ Մկրտչյանը, Ռաֆիկ Հարությունյանը, բռնցքամարտիկներ Անուշ Գրիգորյանը, Անի Հովսեփյանը, Նարեկ Մանասյանը և մի շարք այլ անվանի մարզիկներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել Fastex-ի համահիմնադիրներին նշանակալի ներդրումների համար և վստահություն հայտնել՝ այս աջակցությունը լրացուցիչ խթան կհանդիսանա մարզաշխարհի ներկայացուցիչների համար:

«ՀՀ կառավարությունը վերջին տարիներին բազմապատկել է սպորտի ոլորտին հատկացվող աջակցությունը. մեծ ուշադրություն է դարձվում մեր մարզիկներին, մարզիչներին ու բժիշկներին: Սպորտում զանազան ուղղություններով կատարվում են ներդրումներ: Ընթանում է ծավալուն շինարարություն, կառուցվում են մեծ մարզահամալիրներ ու մարզադահլիճներ մեր վաստակաշատ մարզիկների անուններով: ՀՀ կառավարությունը հայտարարել է՝ ոչ մի հաջողություն աննկատ չի մնալու, և յուրաքանչյուր մարզիկի մեծ հաղթանակի պատվին մարզակառույց է հանձնվելու շահագործման: Ավելացրել ենք նաև տարեվերջյան պարգևատրումները և ամենամսյա նպաստները: Եվ, չնայած այս ամենին, սպորտը թանկ հաճույք է և կարիք ունի շարունակական աջակցության: Սպորտի կողքին պետք է լինեն մարդիկ, որոնք ցավում են սպորտի համար և մտածում են բազմապատկել հնարավորությունները, որպեսզի մարզիկները հաղթանակներ նվիրեն մեզ և հանրահռչակեն պետությունը: Ուրախ եմ, որ Fastex ընկերության հետ արդեն ունենք կայացած հովանավորչական ծրագիր: Վստահ եմ՝ այս աջակցությունը լրացուցիչ խթան կհանդիսանա մեր մարզիկների համար, որոնք կգնան նոր հերոսությունների, և միջազգային հարթակներում մշտապես վեր կխոյանա եռագույնը՝ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո»,- ասել է Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ Fastex-ի հետ հովանավորչական ծրագրով նախատեսվում է, որ աջակցության 70%-ը կուղղվի մարզիկների, մարզիչների և բժիշկների պարգևատրմանը, իսկ 30%-ը՝ Հայաստանում կազմակերպվելիք խոշոր մարզական միջոցառումների օժանդակությանը:

Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանն ընդգծել է՝ Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ սա յուրօրինակ գնահատանք է ոչ միայն անվանի հայ մարզիկների, այլև իրենց հաջողությանը նպաստող մարզիչների ու բժիշկների աշխատանքին։

Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլին Fastex-ի և «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի վավերացմանը սատարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հուշագիրը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացմանը, մարզական հաջողությունների խրախուսմանը, մարզիկների մրցունակության բարձրացմանը և կենսապայմանների բարելավմանը։ Այդ նպատակով Fastex-ը կտրամադրի մինչև 5 միլիոն FTN (Fasttoken՝ բահամուտ բլոկչեյնի հիմնական թվային ակտիվ)՝ ի աջակցություն օլիմպիական, պարալիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մի շարք մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի պաշտոնական առաջնություններում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին և նրանց մարզիչներին։

Fastex-«Օլիմպիոնիկ» փոխգործակցությունը կրելու է երկարաժամկետ բնույթ՝ մինչև 2030 թվականը, որի շրջանակում Fastex-ն աջակցելու է ներպետական սպորտի զարգացմանը՝ խրախուսելով մարզիկներին, այդ թվում՝ մարզական նոր սերնդին։

Նշենք, որ Fastex-ը մեկնարկային միջոցառման շրջանակում սպորտի ոլորտի ներկայացուցիչներին խրախուսումներ է հատկացրել՝ ըստ 2023/24 թվականների տարբեր մարզաձևերի Եվրոպայի առաջնությունների արդյունքների: