Տավուշի մարզի Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտող աշակերտները ևս հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում առաջին անգամ «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից քննություն են հանձնել միասնական էսսեի ձևաչափով:
Դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհին՝ Քրիստինե Սարգսյանը, կարծում է, որ քննության նոր ձևաչափը ավելի արդյունավետ ուսուցման ձև է, քանի որ սովորողին ստիպում է մտածել թեմայի մասին, ինչը նրա խոսքով ավելի կարևոր է, քան պարզապես փաստերն անգիր անելը:
«Ինչպես ցանկացած նոր բան, քննության ձևաչափի փոփոխությունը մեզ մոտ էլ սկզբնական շրջանում մտավախություն առաջացրեց՝ արդյոք երեխաները կկարողանա՞ն հաղթահարել, թե՞ ոչ: Ու երբ առաջին անգամ փորձնական քննություն հանձնեցինք, ԿԶՆԱԿ-ի աշխատակիցների գնահատմամբ՝ բավականին հաջողված էր: Պարզվեց՝ էսսե գրելն այնքան էլ անհնարին չէ, ինչքան թվում էր սկզբում,- ժպիտով պատմում է ուսուցչուհին և հավելում,- առաջինը միշտ էլ ավելի դժվար է. ամեն նոր բան սվիններով ենք ընդունում, բայց ինչպես հետո է պարզվում, անհրաժեշտ և ճիշտ փոփոխություն է իրականացվել»:
Նրա դիտարկմամբ՝ էսսեն սովորողին հնարավորություն է տալիս իր աշխարհայացքը, մտածելակերպը, ստեղծագործելու ունակություններն ավելի զարգացնելու, իր կարծիքն ու մոտեցումները ձևավորելու և դրանք արտահայտելու համար ինքնավստահություն ձեռք բերել: Հատկապես «Հայոց պատմություն» առարկայի դեպքում երեխաների գիտելիքն ու իմացությունը համադրվում են վերլուծական, քննադատական մտածողությամբ, ինչը թույլ է տալիս պատմական իրադարձությունները գնահատել սթափ և հիմնավորված:
Քրիստինե Սարգսյանը խոստովանում է՝ իր համար ևս նոր ձևաչափով քննության նախապատրաստվելը սովորելու գործընթաց էր. «Վերապատրաստումների, ինքներս մեզ վրա աշխատելու, նոր հմտություններ ձեռք բերելու արդյունքում մեզ համար առաջացած դժվարությունները ևս հաղթահարեցինք»:
Ըստ նրա՝ աշակերտներն էլ սկզբում մտավախություններ ունեին, թե ինչ է լինելու, սակայն ամենօրյա աշխատանքի արդյունքում նրանք բավարար հմտություններ են ձեռք բերել, որոնք թույլ տվեցին դրական արդյունք ցուցաբերել:
«Ճիշտ է՝ ժամանակը կարճ էր և աշխատել ենք ընդամենը մի քանի ամիս՝ չունենալով ուղեցույց, հարցաշար, ուղղորդիչ որևէ ձեռնարկ, բայց անդադար աշխատել ենք անգամ օրվա դասի շուրջ, և կարևորն այն է, որ այս փուլում երեխաները հասցրել են պատկերացնել էսսե գրելու հիմնական կանոնները, խաչվող հասկացությունները՝ դրանցով բացահայտելով պատմության մեջ օրինաչափությունները, պատճառահետևանքային կապը, համակարգ և մոդել, ժամանակ և տարածություն համադրությունները»,- ասում է ուսուցչուհին:
«Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհին հույս ունի, որ հետագայում աշակերտների հմտություններն ավելի կկատարելագործվեն, և քննությանը ավելի լավ աշխատանքներ կներկայացվեն: