ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով Արարատ քաղաքում էր։ Նախարարի տեղակալն այցելել է Արարատի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոց, որտեղ քննարկվել են մշակութային կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Դանիել Դանիելյանն այցելել է նաև Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն, որտեղ դիտել է Արարատի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի մասնագետների բեմադրած «Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայից հատվածներ» երաժշտաթատերական մանկապատանեկան բեմադրությունը և դպրոցի շնորհալի երեխաների համերգը:

Միջոցառմանը ներկա էին նաև Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, համայնքի ղեկավարի տեղակալներ Կարեն Քենդրջյանը, Արմեն Բաղդասարյանը, հյուրեր և արվեստագետներ:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ընդգծել է մանկապատանեկան արվեստի և կրթության ոլորտում համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը և հավելել, որ նախարարությունը շարունակելու է աջակցել նմանօրինակ ծրագրերի իրականացման: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Երևան-մարզ կապի ամրապնդմանը, շնորհալի երեխաների բացահայտմանն ու նրանց ունակությունների զարգացմանն ուղղված համապատասխան հարթակների ապահովման անհրաժեշտությանը: