«ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել իրազեկման, խորհրդատվական հանդիպում 18 համայնքների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումը վարել է Երիտասարդության հարցերի վարչության աշխատակից, մրցույթը համակարգող Վերոնիկա Խորասանյանը: Ներկա են եղել 2024 թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը և մրցույթի փորձագետներ:
«Այս ձևաչափով հանդիպում առաջին անգամ ենք անցկացնում «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթով հետաքրքրվող համայնքների ներկայացուցիչների հետ, քանի որ նախկին փորձը ցույց է տվել, որ շատ հաճախ ոչ լիարժեք, մրցույթի նպատակներից չբխող հայտեր ներկայացնելու կամ մրցույթի մասին ոչ ամբողջական պատկերացում կազմելու պատճառով համայնքները դուրս են մնացել մրցակցությունից։ Այս հանդիպման նպատակն է աջակցել շահառու համայնքներին՝ ներկայացնելու բովանդակային, իրենց համայնքի երիտասարդության կարիքներից բխող ծրագիր, բացառելու մրցույթի ընթացակարգի վերաբերյալ տարընկալումները, օգտական խորհուրդներ տալ փորձագիտական այցի կազմակերպմանն ընդառաջ»,- ասել է ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Վերոնիկա Խորասանյանը:
Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալը ներկայացրել է իրենց փորձը՝ ընդգծելով, որ երիտասարդական ոլորտի համար համայնքի բյուջեում առանձին տող է հատկացված, համայնքային կյանքում ակտիվորեն ներգրավված են երիտասարդներ՝ տարբեր բնագավառներում, երիտասարդական կազմակերպություններն ակտիվորեն մասնակցում են բյուջեի մշակմանը:
«Կարևոր է ոչ միայն նվաճել «երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը, այլև պահպանել այդ նշաձողը և հնարավորինս հանրահռչակել համայնքը նաև միջազգային հանրության համար: Մենք պատրաստ ենք համագործակցել և մեր փորձը փոխանցել յուրաքանչյուր համայնքի, որը կարիքը կունենա»,- ասել է Գրիգոր Դաշտոյանը և մյուս համայնքների ներկայացուցիչներին հրավիրել 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառ՝ մասնակցելու առաջիկայում կայանալիք միջոցառումներին:
Նախկին տարիներին մրցույթի շրջանակում որպես փորձագետ հանդես եկած «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ավագ դասախոս Արմեն Պետրոսյանը և «GaragErasmus4Yerevan» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Հարությունյանը խորհուրդ են տվել փորձագիտական այցելությունների ժամանակ ճիշտ ներկայացնել համայնքի երիտասարդական ներուժը և այն կրթական, սոցիալական միջավայրը, որտեղ գործունեություն են ծավալում երիտասարդները, փորձագետների հետ հանդիպումների ժամանակ ներգրավել բոլոր շահագրգիռ կողմերին, ապահովել ծրագրի ներառականությունը, աշխատել թիմային, քանի որ «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը կրելը միայն սիմվոլիկ բնույթ չի կրում, այլ պահանջում է ամենօրյա շարունակական աշխատանք:
Վերոնիկա Խորասանյանը ներկաներին սահիկաշարի միջոցով ներկայացրել է մրցույթի կարգը, իրավական հիմքերը, նպատակը, իրականացման ընթացակարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, արդյունքների ամփոփումը: Առանձին կետերով անդրադարձ է եղել նաև հայտի փաթեթին, ուշադրության արժանի դետալներին և այլն:
Համայնքների ներկայացուցիչներն ուղղել են իրենց հարցերը, որոնք վերաբերել են համայնքի և երիտասարդական կազմակերպությունների համագործակցության սահմանափակումներին, համայնքի ֆինանսական աջակցությանը, համահայտատու կազմակերպությունների իրավական ձևերին, երիտասարդական մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի բնույթին և այլն:
Նշենք, որ մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են հունիսի 3-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ։