Տավուշի մարզը երեք տարի է՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացում է, և այս տարի տավուշցի 9-րդ դասարանցիներն առաջին անգամ «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից քննություն հանձնել են՝ էսսե գրելով:
«Սա ընդամենն աշխատելու, սովորելու, աշխատանքի այդ տեսակը կատարել կարողանալու մասին է: Մեր խնդիրն է ոչ թե գրել վերացական տեքստեր շարադրության նման, այլ ունենալ փաստարկված շարադրանք, բուն պնդում, ասելիք, որն ամփոփում է աշակերտի աշխարհայացքը, այս տարիներին կուտակած գիտելիքի ամբողջ պաշարը, մտածողությունը, և դա կարողանալ հիմնավորված ներկայացնել ու եզրակացություն գրել»,- էսսե գրելու գործընթացն ու նպատակն այսպես է բնութագրում Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի «Գրականություն» առարկայի ուսուցչուհին՝ Գոհար Մկրտումյանը: Վերջինս ակտիվորեն ներգրավված է նոր չափորոշչի ներդրման գործընթացում՝ քննարկումներում, մշակումներում, վերապատրաստումներում: Կամավոր ատեստավորմամբ Գոհար Մկրտումյանը գրանցել է 90 տոկոս արդյունք և ունի 4-րդ աստիճանի տարակարգ:
«Վստահորեն բարեփոխումների կարիք կար: Մենք պետք է քայլենք 21-րդ դարի պահանջներին համապատասխան՝ ունենալով ոչ միայն տեսական հզոր գիտելիք ունեցող, այլև դրանք կարողունակությունների վերածած աշակերտ, ինչին էլ միտված են այս բոլոր քայլերն ու փոփոխությունները: Կարճ պատասխանները կամ դրանց ուղղակի նշումը վաղուց ժամանակավրեպ են՝ որպես քննության ձևաչափ»,- ասում է ուսուցչուհին:
Նա պատմում է, որ էսսեի նախապատրաստման շուրջ դասարանում աշխատել են բավականին երկար. տարվա ընթացքում գրել են 15 էսսե՝ անդրադառնալով «Գրականություն» առարկայի թեմաներին: Աշխատում են նաև 8-րդ դասարանցիների հետ, որոնք նոր ուսումնական տարում փոխադրվելու են 9-րդ դասարան:
Գոհար Մկրտումյանի գնահատմամբ՝ էսսե գրել սովորելու ընթացքը ոչ այնքան դժվար էր, որքան հաճելի. «Նախ ինքս սովորեցի էսսե գրել, որովհետև կրթական գործընթացում նման պահանջ չենք ունեցել: Իսկ նորը, ստեղծարարությունը մշտապես ավելի հաճելի և հետաքրքրական ճանապարհ են»:
Նրա համոզմամբ՝ ստեղծագործել կարող են բոլոր աշակերտները՝ իրենց մտահորիզոնի, բառապաշարի սահմաններում. «Յուրաքանչյուր աշակերտ ունի ինքնուրույն միտք, ստեղծագործելու կայծ, որը պետք է ճիշտ մշակել և որոշակի կառուցվածքի բերելու ճանապարհ անցել: Թույլ առաջադիմությամբ աշակերտները գուցե խնդիր ունեն մտքերը թղթին հանձնելու, կառուցիկ արտահայտվելու, բայց շատ հաճախ հենց նրանց մոտ ենք հայտնաբերում գեղեցիկ և ստեղծագործ միտք»:
Գրականության ուսուցչուհին նշում է, որ ընթացիկ աշխատանքները հիմնականում հաջողված են, և իր ակնկալիքները՝ արդարացված:
«Աշակերտներն ասում են՝ հիմա, երբ կարդում ենք մեր տարեսկզբի էսսեները, ծիծաղում ենք: Դա նշանակում է, որ սկզբում շարադրանքներն այդքան հստակ, կառուցիկ ու փաստարկված չէին: Իսկ էսսե գրելու գործընթացը համակարգված աշխատանք է և սովորեցնում է մարդուն մտածել ու խոսել փաստարկված՝ կուռ և տրամաբանված շարադրանքով»,- ներկայացնում է Գոհար Մկրտումյանը:
Անդրադառնալով հանրակրթության նոր չափորոշչին ընդհանրապես՝ նա ընդգծում է՝ դրա առավելությունն առաջին հերթին բաց դաշտն ու ազատությունն են, որ տրված են ուսուցչին, և շեշտադրումը ոչ միայն բուն գիտելիքն է, այլև դա կիրառումն ու կարողունակություն ձեռք բերումը: Նա կարևորում է նաև աշակերտի լիարժեք ներգրավվածությունը կրթական գործընթացում, ինչն ուսումնառությունը նրա համար առավել հետաքրքրական է դարձնում:
Եզրափակելով խոսքը՝ ուսուցչուհին նշում է. «Ես իմ աշակերտներին մշտապես մղում եմ առաջ, որովհետև դա առաջին հերթին իմ հաջողությունն է»: