Այս տարի լրանում է հայ նշանավոր քանդակագործ և գեղանկարիչ, եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը:
Հոբելյանական ծրագրերն ու միջոցառումները պաշտոնապես ներկայացվել են Երվանդ Քոչարի թանգարանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որին նախորդել է նամականիշի մարման արարողությունը:
Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թ. ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով, և ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 167 մլն 261 հազար դրամ՝ իրականացնելու տարաբնույթ միջոցառումներ, որոնք ուղղված են մեծ վարպետի ժառանգության հանրահռչակմանը:
«Երվանդ Քոչարի հսկայական ժառանգությունը հանրահռչակման կարիք ունի և՛ Հայաստանում, և՛ միջազգային հարթակներում, և այս առումով բազմաթիվ անելիքներ ունենք: Ուզում եմ ընդգծել, որ հոբելյանական միջոցառումներն արդեն շատ վաղուց ձեռք են բերել ռազմավարական նշանակություն: Սա հնարավորություն է կենտրոնացված ուժերով և համատեղ ջանքերով իրականացնելու տարբեր ծրագրեր»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը՝ նշելով, որ նախատեսված ծրագրերը ներառում են ֆիլմերի դիտումներ, ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր, հեռուստատեսային ֆիլմաշար Երվանդ Քոչարի մասին, հայ-ֆրանսիական համատեղ նախագիծ նրա ժառանգության վերաբերյալ, գովազդային արշավներ, միջոցառումներ միջազգային հարթակներում և այլն: Ալֆրեդ Քոչարյանն իրազեկել է, որ հոբելյանական միջոցառումների օրակարգը մեկնարկելու է վաղվանից՝ «Քոչար ֆեստ» ծրագրով:
«Առանձին հետաքրքիր ծրագրեր են նախատեսված նաև՝ նվիրված Քոչարի քանդակներին: Հնարավոր է հետաքրքիր անակնկալ մատուցենք մեր քաղաքացիներին»,- փակագծերը չի բացել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Նրա տեղեկացմամբ՝ տեղի կունենա նաև Կենտրոնական բանկի թողարկած ոսկեդրամի շնորհանդեսը: ԿԳՄՍ փոխնախարարն առանձնակի ընդգծել է մարզային ծրագրերի առկայությունը, ինչին հատուկ կարևորություն է տրվել՝ մարզերում մշակութային կյանքի ակտիվացման նպատակով:
Եզրափակելով խոսքը՝ նա հույս է հայտնել, որ հոբելյանական տարին արդյունավետ կօգտագործվի իրական հաջողությունների հասնելու և հնարավորինս հանրահռչակելու Երվանդ Քոչար արվեստագետին, ինչն ուղղակիորեն կանդրադառնա նաև թանգարանի այցելությունների թվի աճի վրա:
Աշխարհը նորովի կբացահայտի Քոչար արվեստագետին և նորարարին
Թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանն աջակցության և լայնածավալ միջոցառումներով Քոչարին հանրահռչակելու ջանքերի համար:
«Երվանդ Քոչարն այն արվեստագետն է, որով կարող է հպարտանալ յուրաքանչյուր քաղաքակիրթ ազգ: Նրա ժառանգությունը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի ուշագրավ երևույթներից է. Քոչարը 1923-1930 թթ. եռանդուն մասնակցություն է ունեցել եվրոպական ավանգարդի ստեղծման գործում: Հայաստան վերադառնալով՝ նա իր հետ բերել է ժամանակակից արվեստը՝ կոտրելով սոցիալիստական ռեալիզմի կաղապարները և հաստատել արվեստագետի ազատ և անկաշկանդ ստեղծագործելու իրավունքը: Կարծում եմ՝ մեր պետության և թանգարանի համատեղ ջանքերով աշխարհը նորովի կբացահայտի Քոչար արվեստագետին և նորարարին, որը Հայաստանին և աշխարհին նվիրել է քարի, մետաղի և կտավի վրա ամրագրված մարդասիրության քարոզի հիասքանչ նմուշներ»,- ասել է Կարինե Քոչարը:
Միջազգային հոբելյանական ծրագրեր
Նրա խոսքով՝ հոբելյանական տարվան նվիրած միջոցառումները մեկնարկել էին դեռ տարեսկզբին: Նա, մասնավորապես, ընդգծել է Ֆրանսիայի «Պիկասո» թանգարանում Ե. Քոչարի տարածանկարի ցուցադրությունը. «Մեզ համար շատ կարևոր մեկնարկ էր մաեստրոյի տարածանկարի ցուցադրությունը «Պիկասո» թանգարանում, որին հաջորդեց ևս մեկ հոբելյանական միջոցառում Ֆրանսիայի ՀԲԸՄ-ում, որին աջակցել էր Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը»:
Խոսելով իրականացվելիք ծրագրերի մասին՝ բանախոսն ընդգծել է, որ դեռ ընթացքի մեջ են մի շարք ծրագրեր. «Բարեհաջող ընթացքի մեջ են Թիֆլիսում և Փարիզում Քոչարի ապրած տների վրա ցուցանակների ամրացման աշխատանքները: Սեպտեմբերին կբացվի «Սրճարանում» խորագրով ցուցադրությունը, որին կհաջորդի «Քոչարի իրական անիրականը» խորագրով ցուցահանդեսը՝ Քոչարի մարդ-քաղաք շարքի ստեղծագործությունների անիմացիաներով»:
«Քոչար ֆեստի» մասին
Հունիսի 22-ին կայանալիք «Քոչար ֆեստի» մասին խոսելիս Կարինե Քոչարը նշել է. «Հրավիրում ենք մեր համաքաղաքացիներին գեղեցիկ օր ունենալու և հաղորդակից լինելու Քոչարի արվեստին «Քոչար ֆեստի» միջոցով»: Նա տեղեկացրել է, որ օրվա ընթացքում լինելու է փազլի մրցաշար, որի շրջանակում 125 երեխա կհավաքի Քոչարի հեղինակած էսքիզներով պատկերներ:
«Կցուցադրվի արհեստական բանականությամբ նկարիչ ռոբոտ սարք, լինելու է ֆիլմերի, արտ օբյեկտների, Քոչարի գործերի լուսային ցուցադրություն, իսկ ահա երեկոն կավարտվի ջազ համերգով՝ Վահագն Հայրապետյանի և Արտո Թունջբոյաջյանի մասնակցությամբ»,- ասել է Կարինե Քոչարը:
Ցուցադրություն Հայաստանի ազգային պատկերասրահում
Հայաստանի ազգային պատկերասրահում նախատեսված միջոցառումները ներկայացրել է տնօրեն Մարինա Հակոբյանը:
«Մշակութային ժառանգության տարածումն ու հանրահռչակումը մեր առաջնային խնդիրներից պետք է լինեն, ինչին էլ միտված են հոբելյանական տարիներին անդրադառնալը: Սա հնարավորություն է բացահայտելու Երվանդ Քոչարին՝ որպես խորքային և բազմապլան արվեստագետի: Հայաստանի ազգային պատկերասրահում հոկտեմբերի առաջին կեսին նախատեսված է ցուցադրություն, որտեղ կներկայացվի Քոչարի ամբողջ ստեղծագործական ուղին. մեր շեշտադրումը լինելու է Քոչար գյուտարարին, նորարարին, համաշխարհային մասշտաբով տարածական գեղանկարչության հիմնադրին ներկայացնելը: Միայն փարիզյան շրջանին տրամադրվելու է երկու սրահ, որտեղ անիմացիոն լուծումներով ներկայացվելու է գեղանկարչի արվեստը: Հոբելյանական տարում մենք խնդիր ունենք ցույց տալու, որ Երվանդ Քոչարը ոչ թե կղզիացած արվեստագետ է, այլ միջազգային արժեհամակարգ կրող: Ուստի մաղթում եմ, որ մեր մշակույթն ու ժառանգությունը զբաղեցնեն իրենց արժանի տեղն ամբողջ աշխարհում»,- ասել է ՀԱՊ տնօրեն Մարինա Հակոբյանը: Նրա տեղեկացմամբ՝ հաջորդ քայլով ցուցահանդեսը դուրս կգա Հայաստանի սահմաններից և կշրջի աշխարհում:
Հոբելյանական տարվա ծրագրերին հնարավոր է ծանոթանալ այստեղ: