ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի շրջանակում տեղի է ունեցել «Աշխարհահռչակ հայեր. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված երկու նամականիշերի մարման արարողությունը:
Նամականիշերի մարումն իրականացրել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը:
Միջոցառումը տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի թանգարանում:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Փարաջանովի արվեստի սիրահարներին հոբելյանի և նամականիշի մարման առիթով և նշել. «Սա հերթական հնարավորությունն է Փարաջանովի արվեստն ի ցույց դնելու ոչ միայն մեր հայրենակիցների, այլև օտարերկրացիների հետ հաղորդակցվելու տեսանկյունից, որովհետև նամականիշն աշխարհի հետ խոսելու լեզու է»:
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ հռչակավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կոլաժի վարպետ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը, իսկ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է նրա «Վարիացիա Պինտուրիկիոյի ու Ռաֆայելի թեմաներով» կոլաժը: Նամականիշերի վրա նաև առկա են «Սերգեյ Փարաջանով» և «հայ կինոռեժիսոր» գրառումները՝ հայերեն և անգլերեն:
Նամականիշերի վրա առկա է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում: Նամականիշերը տպագրվել են Ֆրանսիայի Կարտոր տպագրատանը՝ 30000 օրինակով։ Դիզայնի հեղինակը Վահագն Մկրտչյանն է: