ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դերասան Վիոլետա Գևորգյանը:
Վիոլետա Գևորգյանը ծնվել է Թբիլիսիում, որտեղ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ 1966 թվականին նրա ընտանիքը հաստատվել է Երևանում, որտեղ Վիոլետա Գևորգյանն ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա և Երևանի դրամատիկական թատրոն:
Վիոլետա Գևորգյանն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է 24 տարեկանում. նա շուրջ 20 դեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Առաջին գլխավոր դերը եղել է «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսում։ Վիոլետա Գևորգյանին ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում։ 1980 թվականին առաջին անգամ բեմադրված այս ներկայացման մեջ նա խաղացել է շուրջ 700 անգամ:
1991 թվականին Վիոլետա Գևորգյանը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:
Լուսանկարը՝ Սերգեյ Մանվելյանի