ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Մեծանուն հայեր. Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակ» թեմայով նամականիշերի մարման արարողությանը, որը տեղի է ունեցել Պոդպոմոգովի արվեստանոցում:

Միջոցառմանը մասնակցել են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Գևորգ Մելիքսեթյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Վալենտին Պոդպոմոգովի այրին՝ Ասյա Պոդպոմոգովան:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ պատիվ է մասնակցել մեծանուն վարպետի 100-ամյակին նվիրված միջոցառմանը:

«Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական տարում նրա հիշատակն արժևորելու նպատակով ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կինոգործիչների միության կինոյի տան մեծ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական երեկո, ինչպես նաև «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնի շրջանակում Շառլ Ազնավուրի անվան հրապարակի աստղային ճեմուղում տեղադրվել է վարպետի՝ մեծանուն անիմատոր, նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղը»,- ներկայացրել է ԿԳՄՍ փոխնախարարը։

Պոդպոմոգովի այրին՝ Ասյա Պոդպոմոգովան, ներկայացրել է վարպետի կենսագրությունից հատվածներ, նրա «Նոստալգիա» և «Մեա կուլպա» («Իմ մեղքը») գեղանկարների պատմությունը: Ըստ նրա՝ Պոդպոմոգովը հայկական մուլտիպլիկացիայի վերածննդի հայրն է, աշխատել է «Հայֆիլմում» 50 տարի, շուրջ 20 ֆիլմերի նկարիչ է, ինչպես նաև եղել է Երևանի առաջին գլխավոր նկարիչը, իսկ գեղանկարչությամբ սկսել է զբաղվել 50 տարեկանում:

«Պոդպոմոգովը գեղանկարչությամբ զբաղվել է 50 տարեկանից, և «Նոստալգիան» նրա առաջին գործն է. նկարել է 1974 թվականին: Ինքն իրեն համարում էր սիմվոլիստ գեղանկարիչ»,- պատմել է Պոդպոմոգովի այրին:

Արվեստանոցում պահպանվում են Պոդպոմոգովի՝ տարբեր տարիներին ստեղծած կտավներ, քանդակներ և այլ աշխատանքներ, նրա իրերից:

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովը (1924-1998 թթ.) իր՝ «Վերջին մղոնը» կտավի խորապատկերին, իսկ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է նրա «Իմ մեղքը» կտավը:

Նամականիշերի վրա նաև առկա է «ՎԱԼԵՆՏԻՆ ՊՈԴՊՈՄՈԳՈՎ» գրառումը՝ հայերեն և անգլերեն:

Նամականիշերը տպագրվել են Ֆրանսիայի Կարտոր տպագրատանը՝ 20.000 օրինակով: Դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է: