Գործադիրի որոշմամբ փոփոխություններ են կատարվել «Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության մեջ:

Գործող կարգի համաձայն՝ թատերահամերգային կազմակերպությունները ֆինանսավորվում են տվյալ տարվա կանխատեսվող սեփական եկամուտների կրկնակիի չափով: Ֆինանսավորման նոր մոդելը 2023 թվականին պիլոտային ռեժիմով կիրարկվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որը ցույց է տվել՝ ֆինանսավորման մեխանիզմում առկա է անհամապատասխանություն կանխատեսվող և փաստացի ձևավորված սեփական եկամուտների միջև։ Օպերային թատրոնը փաստացի գերազանցել է իր պլանավորած տարեկան եկամուտի չափը, մինչդեռ պետության կողմից հատկացվող ֆինանսավորման գումարի չափը համապատասխանում է կազմակերպության կանխատեսվող գումարի չափին։ Հետևաբար, պետության պարտավորությունը՝ կրկնապատկելու ֆինանսավորումը, դառնում է ոչ լիարժեք, քանի որ տվյալ կազմակերպությանը փաստացի հատկացվում է ավելի պակաս գումար, քան վերջինս ձևավորել է տարվա ընթացքում:

2024 թվականից ֆինանսավորման նոր մոդելը պիլոտային տարբերակով ներդրվելու է Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում, որը նույնպես գերազանցել է իր պլանավորած սեփական եկամուտների գումարի չափը։ Թատերահամերգային կազմակերպությունների տարեկան հաշվետվությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2025 թվականից ֆինանսավորման նոր մոդելը պիլոտային տարբերակով հնարավոր է ներդնել նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Երևանի կամերային պետական թատրոններում՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից 2023 թվականին ձևավորած սեփական եկամուտների ցուցանիշները:

Փոփոխության արդյունքում հստակեցվել է սեփական եկամուտ եզրույթը. այդպիսի եկամուտներ են համարվում նաև թատերահամերգային կազմակերպության կողմից մատուցվող որոշակի ծառայություններով միջոցառման տոմսերի վաճառքից ստացված միջոցները, որն իր հերթին կնպաստի կազմակերպությունների կողմից ձեռնարկատիրական գործունեության միջոցով սեփական եկամուտների ավելացմանը: Որոշմամբ սահմանվել է նաև նոր ֆինանսավորման մոդելի անցնելու տոկոսային շեմը, հանվել է թերակատարումների վերաբերյալ դրույթը, քանի որ որոշման նոր խմբագրությամբ հստակ սահմանվում է՝ կազմակերպությունը պետք է ֆինանսավորվի այն գումարի կրկնակիի չափով, որքան որ նախորդ տարվա ընթացքում աշխատել է:

Այսպիսով՝ փոփոխության արդյունքում սահմանվել է, որ պետական բյուջեի նախագծով նախատեսվող գումարի չափը կհաշվարկվի թատերահամերգային կազմակերպության կողմից ներկայացված կանխատեսումների հիման վրա, և նախորդ տարվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների ամփոփումից հետո, անհրաժեշտության դեպքում, բյուջեում կկատարվեն վերաբաշխումներ։

Ֆինանսավորման փորձնական մոդելը կներդրվի այն թատերահամերգային կազմակերպություններում, որոնց սեփական եկամուտները կգերազանցեն մինչև նոր մոդելի ներդնումը պետական բյուջեի «Արվեստների ծրագրով» առանց մրցույթի տրամադրվող գումարի կեսը, ինչպես նաև տվյալ թատերահամերգային կազմակերպության սեփական եկամուտներում տոմսերի վաճառքից ստացված հասույթը կկազմի առնվազն 75 տոկոսը:

Նշյալ փոփոխությունները կտարածվեն 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: