ԿԳՄՍ նախարարության պատվերով սկսվել են ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդի եկեղեցու (հասարակական կառույցի), Ամրակիցի ռուսական Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու, Հաղպատի վանական համալիրի փլուզված աշտարակի և պարիսպների վերականգնման աշխատանքները:

ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են ՀՀ Լոռու մարզի նշյալ հուշարձաններ, ինչպես նաև Սանահին վանական համալիր և Սանահինի կամուրջ՝ մշտադիտարկման:

Աշխատանքային խումբը տեղում ծանոթացել է կատարված աշխատանքներին, տեխնիկական հսկողության և կապալառու կազմակերպության հետ քննարկել առաջացած հարցերը: Լոռի բերդի համայնքապետի հետ քննարկվել են բերդի մուտքի դիմաց տեղադրվելիք տեղեկատվական կենտրոնին առնչվող հարցեր, որի շինարարության աշխատանքները ևս շուտով կմեկնարկեն:

Հաղպատի և Սանահինի վանքերում ուսումնասիրվել է եկեղեցիների ծածկասալերի վիճակը, արձանագրվել է, որ հատկապես Հաղպատում ծածկասալերից խոնավության ներթափանցման լրջագույն խնդիր կա:

Սանահինի կամրջի խելերի հիմքերից մեկը, լվացվելով վերջին ջրհեղեղից, ժայռային հատվածում փոքր-ինչ վնասվել է: Քննարկվել են վնասված հատվածի վերականգնման հնարավորությունները:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ պատվերով շուտով կշարունակվեն նաև Լոռի բերդի պարիսպների և կսկսվեն բաղնիքների ամրակայման և վերականգնման աշխատանքները: