ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում.

- Արձակ
- Դրամատուրգիա
- Մանկապատանեկան գրականություն
- Պոեզիա

Առանց տարիքային սահմանափակման մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր գրողները, որոնք ՀՀ քաղաքացի են: Ստեղծագործությունները պետք է լինեն հայերեն:

Հաղթողները (ամեն անվանակարգում՝ մեկական) կստանան դրամական պարգև 500․000-ական դրամ (ներառյալ հարկերը):

Փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղեր զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգերում դիմել չեն կարող: Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է հրատարակված և հրապարակված չլինեն: Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։

Մրցույթին պետք է ներկայացնել՝

«Արձակ» անվանակարգում

  • կամ 2 պատմվածք
  • կամ 2 էսսե
  • կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ, որտեղ անպայման նշել նաև ուղարկվող հատվածի բառերի թիվը: Ստեղծագործության բառային սահմանափակումը վերաբերում է նաև պատմվածքներին և էսսեներին):

«Դրամատուրգիա» անվանակարգում

  • 1 պիես

«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում

  • կամ 2 հեքիաթ
  • կամ 2 պատմվածք
  • կամ 1 պատկերազարդ պատմություն
  • կամ 10 բանաստեղծություն
  • կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ, որտեղ անպայման նշել նաև ուղարկվող հատվածի բառերի թիվը: Ստեղծագործության բառային սահմանափակումը հեքիաթին, պատմվածքին, պատկերազարդ պատմությանը, բանաստեղծությանը չի վերաբերում):

«Պոեզիա» անվանակարգում

  • 10 բանաստեղծություն

Գործերը ժյուրիի գնահատմանն են ներկայացվելու ԱՆԱՆՈՒՆ։

Այն հայտերը, որոնք կպարունակեն հեղինակի վերաբերյալ ուղղակի կամ անուղղակի տեղեկություն (անուն, ստեղծագործության վերնագիր, նույնականացվելու որևէ տվյալ) չեն դիտարկվի: Եթե այնուհանդերձ տեքստը տրվի ժյուրիի անդամներին, և գնահատման փուլում վերջինները նկատեն նույնականացման փորձ, ապա հայտը կչեղարկվի:

Մասնագիտական ժյուրիի կազմում են.

«Արձակ» անվանակարգ՝ Ալվարդ Սեմիրջյան, Անի Հովնանյան, Արքմենիկ Նիկողոսյան, Սիրանուշ Դվոյան, Սուսաննա Հարությունյան

«Դրամատուրգիա» անվանակարգ՝ Անահիտ Արամունի Քեշիշյան, Գևորգ Սահակյան,

Ռուբեն Բաբայան, Սաթէ Խաչատրյան, Տաթև Հովակիմյան

«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ՝ Նարինե Գիժլարյան, Ռուզան Տոնոյան, Սաբեթ Հովհաննիսյան, Վանուհի Բաղրամյան, Վարդուհի Բալոյան

«Պոեզիա» անվանակարգ՝ Արփի Ոսկանյան, Հակոբ Մովսես, Հասմիկ Սիմոնյան, Հենրիկ Էդոյան, Ներսես Աթաբեկյան

Հայտերի գնահատման չափանիշները.

  • «Արձակ» անվանակարգ՝ տեքստային իրացումը, հեղինակային լեզուն և ոճը, դիպաշարի կառուցումը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:
  • «Դրամատուրգիա» անվանակարգ՝ ձևն ու բովանդակությունը, կառուցումը, լեզուն և ոճը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:
  • «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ՝ գրավիչ և հագեցած սյուժեն, տեքստի համապատասխանությունը թիրախային խմբի հետաքրքրություններին, բովանդակության ուսանելիությունը, կառուցվածքը, շարադրանքի դյուրըմբռնելիությունը, հեղինակային ոճը:
  • «Պոեզիա» անվանակարգ՝ տեքստային իրացումը, հեղինակային լեզուն և ոճը, ազդեցության աստիճանը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:

Հայտի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել evnbookfest@gmail.com հասցեին «word» ձևաչափով (բոլոր գործերը մեկ ֆայլում): Ֆայլում ՉՊԵՏՔ է նշել անուն-ազգանուն կամ կեղծանուն: «Նամակի դաշտ»-ում հարկ է նշել կոնտակտային տվյալները, իսկ «թեմա» տողում՝ գրողի անուն-ազգանունը և անվանակարգը (օրինակ՝ Հովհաննես Գրիգորյան, «Պոեզիա» անվանակարգ):

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թ. հուլիսի 12-ն է (ներառյալ)։

Հայտարարության պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։ Հաղթողների անունները հայտնի կդառնան սեպտեմբերի 8-ին՝ Գրքի երևանյան յոթերորդ փառատոնի փակման արարողության ժամանակ։

Փառատոնը, որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիմնադրել և իրականացնում է 2017 թվականից, մեր երկրում գրականության ոլորտի ամենամեծ նախագիծն է:

Այն տեղի կունենա 2024 թ․ սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում (Հանրապետության հրապարակ): Ծրագրում կլինեն գրքի տոնավաճառ, բացառիկ հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, գրական բաթլներ, ստենդափ, շնորհանդեսներ, աշխատարաններ, ներկայացումներ և համերգներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը կազմակերպում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։

Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: