Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային և հանրային գրադարաններ, մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն (լոֆթ) հասկացությունները, ամրագրել արտերկրյա կարևոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը:

Նախարարի տեղակալը հավելել է, որ հստակեցվում են գրադարանների օգտագործման նպատակները, այդ թվում` տնտեսական:

Գործադիրն առաջարկում է նաև գրադարաններին հնարավորություն ընձեռել կատարելու հավելյալ ծառայություններ, մասնավորապես, պատրաստել և վաճառել հուշանվերներ, իրականացնել կրթական ծրագրեր, պարբերական հրատարակել գրքեր, պատրաստել գրասենյակային պիտույքներ, ծավալել սրճարանային գործունեություն, ինչպես նաև կազմակերպել առևտրային ցուցահանդեսներ: Պետության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի համար կսահմանվեն լիազորող նորմեր:

Օրենքի նախագծով կսահմանվի նաև գրադարանի աշխատողների պաշտոնների օրինակելի նկարագիրը, կհաստատվի պետական գրադարանի աշխատողների ատեստավորման կարգը:

Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ օրենքի ընդունման դեպքում գրադարանները կարող են հասարակության բոլոր շերտերի համար դառնալ նաև սոցիալ-կրթական ինստիտուտներ` ոչ ֆորմալ կրթության և ժամանցի միջավայրի ապահովմամբ:

Նա տեղեկացրել է, որ նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է «Գրադարանային միությունների և հաստատությունների միջազգային դաշինքի» (IFLA), ինչպես նաև Լատվիայի, Էստոնիայի, Ռուսաստանի համապատասխան օրենսդրությունը:

Հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը տեղեկացրել է, որ նախատեսվող տնտեսական որոշակի գործունեությունը կնպաստի գրադարանների ինքնաֆինանսավորմանը: Նա նշել է, որ տնտեսական գործունեությունը չպետք է խաթարի և հակասի գրադարանի գործունեությանը:

«Յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս գրադարանը պետք է լիազորված մարմնի կողմից ստանա թույլտվություն»,- ասել է պատգամավորը: Նա կարևորել է նաև գրադարանների աշխատակիցների ատեստավորման կարգը, որը կնպաստի նրանց աշխատավարձերի բարձրացմանը:

Հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կկազմակերպվի քննարկում` նախարարության և գրադարանների ներկայացուցիչների հետ: Նա կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել նախագծին: