Մայիսի 29-ից հունիսի 2-ը ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Աշտարակի «Սևան մարզական ընկերության» ՄՊՄԴ մարզադահլիճում կայացել է ՀՀ վոլեյբոլի տղաների և աղջիկների Մ14 առաջնությունը, որին մասնակցել են տղաների և աղջիկների 12-ական թիմեր:

Նրանք մրցել են ենթախմբերում, որից հետո կայացել են կիսաեզրափակիչ հանդիպումները։

Աղջիկների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է «Ավան» թիմը, որը եզրափակչում 2:0 հաշվով առավելության է հասել Չարենցավանի թիմի նկատմամբ: Առաջնության բրոնզե մեդալները նվաճել է Գեղաշենի թիմը՝ վճռորոշ թիմում 2:0 հաշվով հաղթելով «Աջափնյակին»:

Տղաների պայքարում հաղթող է ճանաչվել «Վանաձորը», որը եզրափակչում 2:0 հաշվով ուժեղ է գտնվել «Սիսիան» թիմից: Երրորդ տեղը զբաղեցրել է «Արաբկիրը»՝ նույն հաշվով հաղթելով Նոր-Նորքի թիմին:

Մրցանակակիր թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով, գավաթներով, գնդակներով, իսկ լավագույն մարզիկները՝ մրցանակներով։

Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի վոլեյբոլի Մ16 պատանեկան հավաքականը, որը կնախապատրաստվի 2025 թվականին Երևանում կայանալիք Եվրոպայի Մ16 առաջնությանը։