ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 81 տարեկանում կյանքից հեռացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Յուրի Սուրենի Մինասյանը:

ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Յուրի Մինասյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:

Յուրի Մինասյանը ծնվել է 1942 թվականին Թբիլիսիում։ 1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, իսկ 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։

1969 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, մրցույթներում արժանացել մրցանակների։ 1970 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում։ 2015 թ. նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում:

Յուրի Մինասյանի կոմպոզիցիաներն առանձնանում են հայ քանդակագործության ավանդույթների հարազատությամբ։ Նրա աշխատանքները պահվում են ՀՀ թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում, արտերկրի մի քանի պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։

Յուրի Մինասյանը հեղինակել է բազմաթիվ ստեղծագործություններ, որոնցից են Ալեքսանդր Գրիբոեդովին նվիրված հուշարձանը, Մհեր Մկրտչյանին նվիրված հուշարձանը Գյումրիում, Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված հուշարձանը Էջմիածնում և այլն։

Հանրապետությունում և ՀՀ սահմաններից դուրս Յուրի Մինասյանը մասնակցել է բազմաթիվ հուշարձանների ստեղծմանը և կատարել էքստերիերի և ինտերիերի ձևավորումներ։