Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» ցուցադրությունը՝ նվիրված Իտալիայի պատմության նշանավոր իրադարձությանը՝ հանրապետության հռչակմանը։

Ցուցահանդեսը բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանում Իտալիայի դեսպանության համագործակցությամբ։
Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն, բարձրաստիճան հյուրեր, դիվանագետներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Իտալիայի Հանրապետության օրվա կապակցությամբ և նշել՝ Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր բնականոն զարգացում են ապրում միջպետական հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Ըստ փոխվարչապետի՝ և՛ Իտալիան, և՛ Հայաստանը հսկայական մշակութային ժառանգություն ունեն, և այն պահպանելու և սերունդներին փոխանցվելու գործում Իտալիան մշտապես կանգնած է եղել Հայաստանի կողքին։

Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն նշել է, որ մեծ պատիվ է Իտալիայի Հանրապետության հռչակման օրվա շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում այսօրինակ ցուցադրության կազմակերպումը, ինչը պատկերասրահի հետ հաջող համագործակցության արդյունք է։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն էլ հավելել է՝ առաջին անգամ Հայաստանում իտալական մշակույթի տարբեր դարաշրջաններն ու գերիշխող տենդենցները, գեղարվեստական միտումներն ու այլազան շերտերը ներկայացնող այս ծավալուն ու բազմաթեմատիկ ցուցադրությունը շարունակում է իտալական հարուստ ժառանգությունն ու պատմությունը, արվեստն ու մշակույթը բացահայտող նախագծերի շարքը պատկերասրահում և խորհրդանշում է երկու հնագույն քաղաքակրթությունների դարավոր բարեկամությունը։

Ցուցադրությունում ներկայացված են 14-20-րդ դդ․ թվագրվող շուրջ 100 գեղանկարչական կտավներ, գծանկար ու փորագրություններ, քանդակ ու դեկորատիվ-կիրառական արվեստի ինքնատիպ «դրվագները», որոնք պատկերասրահի արտասահմանյան արվեստի հավաքածուի կարևոր մասն են կազմում։ Դրանք ներկայացնում են իտալական արվեստի զարգացման ու կայացման շուրջ 600-ամյա ժամանակաշրջանը և ի ցույց դնում թանգարանային հավաքածուի իրական գլուխգործոցները։

Ցուցադրությունն ընդգրկում է աշխարհահռչակ այնպիսի արվեստագետների և նրանց շրջանի ստեղծագործություններ, ինչպիսիք են Տինտորետտոն ու Ռիչչին, Գվերչինոն ու Ստրոցցին, Գվարդին, Կանալետտոն, քանդակագործներ Դոնատելլոն ու Կանովան, գծանկարի ու փորագրանկարչության փայլուն վարպետներ Ֆարինատին ու Պիրանեզին, Կամբիազոն ու Պաննինին և այլք։

Ցուցահանդեսի համադրողներ՝ Մարինա Հակոբյան, Մարինա Եղիազարյան:
Ցուցահանդեսը կգործի հունիսի 1-ից։