Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի որոշմամբ 2026 թվականին Երևանում կանցկացվի հրաձգության 10 մ մրցաձևերի Եվրոպայի առաջնությունը, որը կներառի օդամղիչ ատրճանակ, վազող թիրախ և օդամղիչ հրացան ձևերը։

«Սա, իսկապես, մեծ հաջողություն է, որին հասել ենք ԿԳՄՍՆ-ի և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի համատեղ ջանքերով»,- նշում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ շնորհակալության հայտնելով նաև Հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանին:

Բուլղարիան, որը նույնպես մեծահասակների Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ էր ներկայացրել, կընդունի Եվրոպայի 2026 թ. պատանիների և երիտասարդների առաջնությունը:

Հիշեցնենք՝ 2026 թվականին մեր երկրում կհյուրընկալենք նաև սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը, սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը:

Մինչ այդ՝ 2025 թվականին, նախատեսվում է Երևանում անցկացնել կարատեի Եվրոպայի առաջնությունը, վոլեյբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, բասկետբոլի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը:

2027 թվականին մեր երկրում կանցկացվեն սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը ծանրամարտի աշխարհի առաջնությունը, ինչպես նաև Համահայկական խաղերը: