ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի առաջին շրջանավարտների ավարտական միջոցառմանը:

Կրթական հիմնական ծրագիրը հաջողությամբ ավարտել է 73 շրջանավարտ, որոնց ավելի քան 80 տոկոսն արդեն աշխատում է ՏՏ ոլորտի տարբեր ընկերություններում: Կենտրոնն այս պահին ունի 200-ից ավելի ակտիվ սովորողներ:

Ողջունելով շրջանավարտներին և շնորհավորելով այս նշանակալի իրադարձության կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է պետության համար գերակա ուղղություններից մեկի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական ևս մեկ հետաքրքիր ծրագիր ունենալու՝ Թումոյի ընձեռած հնարավորությունը:

«Վստահ եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը բազմաթիվ դժվարությունների և փորձությունների միջով է անցել այս փուլին հասնելու համար: Միջազգային նմանօրինակ կրթական ծրագրի շրջանավարտ հանդիսանալն, իսկապես, կարևոր ձեռքբերում է: Անկասկած, թե՛ տեղական, թե՛ միջազգային աշխատաշուկայում լայն հնարավորություններ կունենաք: Կարծում եմ՝ ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ մեր երկրում իրականացվող բազմաթիվ ծրագրերի շարքում «42 Երևանը» ունի իր ուրույն տեղն ու կարևոր դերակատարությունը»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Կենտրոնը բաց է օրը 24 ժամ՝ շաբաթը 7 օր, իսկ ուսուցման ծրագրի ժամանակացույցը կազմվում է սովորողի ընտրությամբ:

«Շրջանավարտներն այս կրթական ծրագրի շրջանակում մասնագիտական գիտելիքներ ու կարողություններ են ստացել ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, այլև զարգացրել են բազմաթիվ հմտություններ, որոնք կարևոր են թե՛ աշխատանքային միջավայրում փոխհարաբերությունների և հաջող կարիերայի ձևավորման, թե՛ նաև որպես քաղաքացի արդյունավետ գործունեության ծավալման տեսանկյունից»,- համոզմունք է հայտնել Արաքսիա Սվաջյանը:

Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին ավարտական վկայականներ են հանձնել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գլխավոր տնօրեն Պեգոր Փափազյանը և այլք:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը ողջունել է շրջանավարտներին և հետագա հաջողություններ մաղթել նրանց: Ֆրանկ Հեսն ընդգծել է՝ ԵՄ-ն ուրախ է աջակցել Հայաստանի կրթության համակարգին, մասնավորապես՝ հանրակրթության բարեփոխումներին: Միաժամանակ, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարը ԵՄ բյուջետային աջակցության շրջանակում կարևորել է նաև ոչ ֆորմալ կրթության զարգացումը, որի լավագույն օրինակներից է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:

«42 Երևանը» ծրագրավորման անվճար դպրոց է, որի նպատակն է կրթել ոլորտի ապագա մասնագետներին: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների գլխավոր նախագծերից մեկի` Թումո լաբորատորիաների մաս կազմող կենտրոնն իր տեղն է գտել ֆրանսիական առաջատար 42 ծրագրավորման դպրոցների ցանցում, որում արդեն իսկ ընդգրկված են Սեուլի, Ռիո դե Ժանեյրոյի, Մոսկվայի, Ամստերդամի և աշխարհի 26 այլ քաղաքների ծրագրավորման կենտրոններ:

Երևանը ծրագրին միացել է 2020 թվականին՝ աշխատաշուկայի համար ՏՏ ոլորտի բարձրակարգ մասնագետներ ապահովելու առաքելությամբ: