ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ հունիսի 14-16-ը Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը: Եռօրյա միջոցառումները կանցկացվեն ՀՀ հնագիտական վայրերում, թանգարաններում, արգելոց-թանգարաններում և տարբեր այլ տեղերում:

Հայաստանը նշյալ միջոցառմանը միացել է 2022 թվականին։ Հայաստանում հունիսի 14-ին, 15-ին և 16-ին անցկացվող «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը միացել են Հայաստանում հնագիտությամբ զբաղվող ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ», «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն», «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ները և առաջին անգամ՝ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը։

Միջոցառումները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի, հնագիտությամբ հետաքրքրվողների և սիրահարների համար։

Միջոցառման 3 օրերի ընթացքում հանրությանը հնարավորություն կընձեռվի ծանոթանալ հնագիտության բոլոր մանրամասներին՝ այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական ​​կենտրոններ, որոնք սովորաբար բաց չեն հանրության համար, հանդիպումներ հնագետների և հնագիտական գտածոների վերականգնողների հետ: Տեղի կունենան մի շարք կրթական և ճանաչողական միջոցառումներ (պեղումների, ցուցադրությունների, դասընթացների կազմակերպում, մասնակցություն՝ գտածոների վերականգնման աշխատանքներին)։

2024 թ միջոցառումների պաշտոնական կայք՝ https://journees-archeologie.eu/c-2024/lg-en/Armenia/Search-Results/

Միջոցառումների ծրագիրը կցվում է։

Հիշեցնենք, որ 2010 թվականից Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումների համակարգումն ու խթանումը հանձնել է Կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտին (Inrap):