ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակները, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի ուղեկցությամբ, այսօր այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։

ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համաժողովի մեկնարկը տրվել էր նախօրեին ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում։

Երևանում էլ այսօր անցկացվել է «Սպորտը բոլորի համար» և «Սպորտի համաշխարհային նվաճումները» խորագրով ֆորումը, որին մասնակցել են Հայաստան ժամանած ԱՊՀ երկրների պատվիրակները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Համաժողովին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Մորոզովը, Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Դորոխովիչը, Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարարի տեղակալ Այբեկ Աբդիմոմունովը, ԱՊՀ մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով խորհրդական Ալեքսանդր Դուբկովսկին, Տաջիկստանի սպորտի և երիտասարդության հարցերի կոմիտեի փոխնախագահ Պարվիզ Օբիրզոդան, Ղազախստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի փոխնախագահ Ազամատ Իմաշևը, Ուզբեկստանի, Թուրքմենստանի սպորտի ոլորտը համակարգող կառույցների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Միջոցառմանը մասնակցել է նաև Ռուսաստանի մարզիկների միության նախագահ, ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Դավիդ Մուսուլբեսը: