ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համաժողովի շրջանակում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի` սպորտը համակարգող կառույցների պատվիրակները Հայաստանի սպորտային ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով շրջել են Երևանի, Գյումրու և Ծաղկաձորի մարզական կառույցներում։

Ներկայացնելով Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայի պայմանները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ մարզահամալիրը կառուցվել է 1968 թվականին` Մեխիկոյի օլիմպիական խաղերին ընդառաջ, որպեսզի գրեթե նույն կլիմայական պայմաններում գտնվող Ծաղկաձորում մարզվեն Մեխիկո մեկնող մարզիկները: Համաժողովի մասնակիցները շրջել են մարզահամալիրում, դիտել 50 մ տարածությամբ լողավազանը, բռնցքամարտի և ծանրամարտի համար նախատեսված մարզադահլիճները:

Նրանք այցելել են նաև մարզահամալիրի աթլետիկական մանեժ, գրունտային և փակ կորտեր, հետաքրքրվել ընթացիկ աշխատանքներով և քննարկել հետագա համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ Ծաղկաձորի մարզահամալիրում իրենց երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ուսումնամարզական հավաքների կազմակերպման վերաբերյալ:

Ռուսաստանի մարզիկների միության նախագահ, ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Դավիդ Մուսուլբեսը հիշել է, որ ինքն այստեղ արդյունավետ մարզումներ է ունեցել և բազմաթիվ մեդալներ նվաճել հենց Ծաղկաձորում մարզվելուց հետո:

ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովի մասնակիցներն այցելել են նաև Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: Կատարված աշխատանքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ նշելով, որ վերջին երկու տարիների ընթացքում այստեղ մի շարք մարզական խոշոր մրցաշարեր են հյուրընկալվել տարբեր մարզաձևերից՝ մարզահամերգային համալիրին լիովին վերադարձնելով «մարզական» բաղադրիչը:

Գյումրիում կայացած համաժողովից հետո աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոնի Իսրայել Միլիտոսյանը հյուրերին ուղեկցել է իր անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց: Նրանք ծանոթացել են մարզադպրոցի պայմաններին, հանդիպել այնտեղ մարզվող երեխաների հետ: Գյումրիում հյուրերը շրջել են նաև քաղաքի տեսարժան վայրերով, այցելել Մհեր Մկրտչյանի թանգարան:

ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակները, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի ուղեկցությամբ, այցելել են նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։

Համաժողովն անցկացվել է մայիսի 24-25-ը։