ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Ժնևում մասնակցել է «Market Focus Armenia» խորագրով տնտեսական միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայ-շվեյցարական առևտրաարդյունաբերական և Ժնևի առևտրարդյունաբերական և ծառայությունների պալատների համագործակցությամբ։
Միջոցառման նպատակն էր նպաստել Շվեյցարիայի և Հայաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև ներդրումների խթանմանը:
Հիմնական ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է «Հայաստանի փոխակերպման ռազմավարություն 2050»-ը, որը սահմանում է երկրի զարգացման առաջնահերթությունները և ուղղությունների շրջանակը: Նրա դիտարկմամբ՝ փոխակերպման ռազմավարության հիմնական նպատակներից մեկը Հայաստանի դիրքավորումն է որպես ներդրումների համար գրավիչ ուղղություն և տարածաշրջանում նշանակալից զբոսաշրջային հանգույց:
Ալֆրեդ Քոչարյանը մատնանշել է մշակութային զբոսաշրջության ոլորտի հետագա առաջխաղացման հիմնական հնարավորությունները՝ անդրադառնալով ոլորտի պետական քաղաքականությանը: Այս համատեքստում նա շեշտել է, որ համապատասխան մեխանիզմների ներդրմամբ խրախուսվում է պետական-մասնավոր հատված համագործակցությունը. «Յուրահատուկ մշակութային տեսարժան վայրերով, բնական լանդշաֆտներով, ջերմ հյուրընկալությամբ և համեղ խոհանոցով Հայաստանը բարենպաստ միջավայր է ստեղծում ներդրումների համար՝ խթանելով աշխարհի հնագույն մշակութային ուղղություններից մեկի՝ կենսունակ զբոսաշրջային էկոհամակարգի զարգացումը»:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրանցը, Հայ-շվեյցարական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մայք Բարոնյանը, Ժնևի առևտրարդյունաբերական և ծառայությունների պալատի գլխավոր տնօրեն Վինսենթ Սուբիլիան, Ժնևի քաղաքային խորհրդի անդամ Ռուզաննա Թահվերդյանը:
Հանդիպմանը շնորհանդեսներով ներկայացվել են հայկական «FAST» և «Prima Finance» ընկերությունները, իսկ շվեյցարական «NINECUBES» և «SCHULER Caves St-Jacques» ընկերությունները խոսել են Հայաստանում իրենց բիզնես գործունեության հաջողված փորձի մասին։
Տնտեսական այս միջոցառումը կարևոր հարթակ է ՀՀ կառավարության ներկայացուցիչներին, հայկական ձեռնարկություններին, շվեյցարահայ համայնքի գործարարներին շվեյցարացի ձեռնարկատերերին Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ոլորտային առաջնահերթություններն ու կարիքները, բիզնես միջավայրն ու ներդրումային հեռանկարները ներկայացնելու համար։
Միջոցառմանը հաջորդել է ընդունելություն, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ոչ պաշտոնական միջավայրում մտքեր փոխանակելու համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ։