ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը վերջին դաս միջոցառման շրջանակում ներկա է գտնվել Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի ավարտական միջոցառմանը:

Շնորհավորանքի խոսքում նախարարի տեղակալը հատկապես շեշտել է այն փաստը, որ ուսումնարան ավարտած յուրաքանչյուր ուսանող մեծ կյանք է մտնում՝ արդեն ունենալով մասնագիտության որակավորում:

«Սիրելի՛ շրջանավարտներ, դուք արդեն ընտրել եք ձեր ապագայի մասնագիտությունը: Համոզված եմ, որ այս տարիների ընթացքում ձեռք բերված տեսական գիտելիքները և գործնական հմտությունները համապատասխանում են աշխատաշուկայի և գործատուների պահանջներին: Հուսով եմ՝ դուք արդիական և որակյալ կրթություն եք ստացել, և ձեր հմտությունները և մասնագիտական մրցունակությունը կնպաստեն մեր երկիր տնտեսության զարգացմանը»,- նշել է Արաքսիա Սվաջյանը և բարի երթ մաղթել շրջանավարտներին:

Նշենք նաև, որ Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանն այս տարի ունի 108 շրջանավարտ՝ «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում», «Խոհարարական գործ», «Հրուշակեղենի տեխնոլոգիա», «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում» մասնագիտություններով:

Ավարտական միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը և մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը: