ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների՝ մայիսի 18-ին և 19-ին կայացած կամավոր ատեստավորման արդյունքները:

Մշակույթի ուղղությամբ կամավոր ատեստավորմանը, ընդհանուր առմամբ, հայտագրվել է 398 մանկավարժական աշխատող, որոնցից ատեստավորմանը մասնակցել է 341-ը։ Գրանցված արդյունքները, ըստ փոխնախարարի, գոհացուցիչ են. մասնակիցների մեծ մասը՝ 212 մանկավարժ, հաղթահարել է 60 տոկոսի շեմը և կունենա աշխատավարձի բարձրացում: Նրանցից 81-ը հաղթահարել է 60-69%-ի շեմը, 70-79 % արդյունք է գրանցել 86-ը, 80-89% արդյունք՝ 34-ը, իսկ 90-100 արդյունք՝ 11-ը մասնակից: 0-59 % արդյունք ցուցաբերել է 129 մանկավարժական աշխատող:

Սպորտի ուղղությամբ կամավոր ատեստավորմանը հայտագրվել է 197 մարզիչ-մանկավարժ, որոնցից ատեստավորմանը մասնակցել է 113-ը: Արդյունքներն ամփոփման փուլում են:

«Ըստ հավաքած միավորների՝ արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժները կստանան բարձրացված աշխատավարձ և հավելավճար»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: