Լոնդոն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Բրիտանական թանգարան և հանդիպել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Ջոնսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում նախատեսվող «Մայր աստվածություն Անահիտից Մարիամ» խորագրով համատեղ միջազգային ցուցադրության կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Ցուցահանդեսի շրջանակում, համաձայն Բրիտանական թանգարանի հետ կնքված պայմանագրի, Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի ու ձեռքի նմուշները։ Դրանք Հայաստան կտեղափոխվեն և 2024 թվականի սեպտեմբերի 21-ից մինչ 2025 թվականի մարտ՝ շուրջ 6 ամիս, կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ արժեքների համադրմամբ՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածածավալ ցուցադրության շրջանակում:

Հայաստանի պատմության թանգարանը նախկինում համագործակցել է Բրիտանական թանգարանի հետ և իր հավաքածուները ժամանակավոր փոխառության տրամադրել տարբեր միջազգային ցուցահանդեսների շրջանակում: Հայաստանում, սակայն, այս հեղինակավոր թանգարանից առաջին անգամ են ցուցադրվելու նմուշներ՝ հատկապես նման խորհրդանշական և հայ ժողովրդի համար հատուկ նշանակություն ունեցող թանգարանային առարկաներ։

Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Մեծ Բրիտանիայի ազգային գրադարան, որտեղ հաջորդ տարի նախատեսվում է կազմակերպել հայ-բրիտանական կապերին նվիրված ցուցահանդես:

Հանդիպմանը մասնակցել են բրիտանական գրադարանի միջազգային գրասենյակի ղեկավար Մարսի Հոփքինդսը, Միջազգային ներգրավվածության կառավարիչ Էլեոնոր Կուպերը, Ասիական և Աֆրիկյան հավաքածուների ղեկավար Լուիզա Մենգոնին, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հավաքածուների ղեկավար Մայքլ Էդմանը:

ԿԳՄՍ նախարարը, կարևորելով նմանօրինակ ցուցադրությունների անցկացումը, ընդգծել է զուգահեռաբար դասախոսություններ և այլ միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում: Ժաննա Անդրեասյանը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու Մեծ Բրիտանիայի ազգային գրադարանում հաջորդ տարի անցկացվելիք ցուցահանդեսը Հայաստանում ևս կազմակերպելու հարցում:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նաև կարևորել է բրիտանական գրադարանում պահվող հայկական հարուստ ժառանգության՝ ձեռագրերի, քարտեզների և ամենատարբեր նյութերի գույքագրումը, քարտեզագրումն ու ամբողջացումը: