ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոցի «ՀԱՅելիցներ» թիմի պատրաստած «Գեղարդ» տեսանյութը հաղթող է ճանաչվել «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» համաեվրոպական մրցույթում: Հայաստանը ներկայացնող դպրոցականների թիմը սեպտեմբերին կմեկնի Ստրասբուրգ պարգևատրման արարողությանը մասնակցնելու և այլ երկրների հաղթող պատանիների հետ ծանոթանալու համար։

«ՀԱՅելիցներ» թիմի պատրաստած «Գեղարդ» տեսանյութը հաղթող էր ճանաչվել նաև համաեվրոպական մրցույթի հայաստանյան փուլում, որը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ՝ Ե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ:

Մրցույթն ուղղված է պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը և իրականացվել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում:

Հայաստանը մրցույթին ներկայացել է 11-17 տարիքային խմբում։ Մրցույթում ներկայացվել էր 41 աշխատանք. պատանեկան խմբերն ու անհատները մրցել են ազգային ժառանգության մասին իրենց պատկերացումներով՝ ներկայացնելով տեսասահիկներ, կոմիքսներ, անիմացիոն սյուժեներ, նկարչական աշխատանքներ, մինչև 5 րոպե տևողությամբ տեսանյութեր։

Հայաստանից և արտերկրից 21 հայազգի մշակույթի գործիչներից կազմված հանձնաժողովի գնահատման արդյունքում հաղթող էր ճանաչվել «Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ը ներկայացնող «ՀԱՅելիցներ» թիմը՝ «Գեղարդ» տեսանյութով: Հայաստանյան փուլի հաղթողը մասնակցել է համաեվրոպական մրցույթին, որին այս տարի մասնակցում էին նաև Իտալիայի, Ֆինլանդիայի, Մոնտենեգրոյի, Լեհաստանի, Սլովենիայի, Իսպանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Ուկրաինայի թիմերը:

Մայիսի 9-ին Եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական կայքում հրապարակվել են հաղթողները՝ https://tinyurl.com/34de83bv: