ՀՀ միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը միջազգայնացման ճանապարհին Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) փորձագետները կիրականացնեն Հայաստանի ՄԿՈՒ համակարգի գործընկերային գնահատում՝ վերհանելու բացերն ու մատնանշելու մարտահրավերները:

Այդ թեմայով այսօր Արմենպրեսի լրատվական կենտրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումի ղեկավար Մունիր Բաատին:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է նախատեսվող գործընթացը, որը, նրա խոսքով, ևս մեկ հնարավորություն է՝ ՄԿՈւ ոլորտում որակի բարելավմանն ուղղված աշխատանքները գնահատելու և քարտեզագրելու, այն համադրելի դարձնելու այլ երկրների կրթական գործընթացներին, ինչպես նաև հասկանալու՝ ինչպիսի փոփոխությունների կարիք կա: «Այս շաբաթ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որը բազմաթիվ փոփոխություններ է ենթադրում այս ոլորտում: Մասնավորապես, որոշակի կարգավորումներ կան՝ որակի ապահովմանն ուղղված գործընթացներն առավել կանոնակարգված և ժամանակակից պահանջներին համապատասխան իրականացնելու տեսանկյունից: Կրթության՝ մինչև 2030 թվականի ռազմավարության գլխավոր ուղղություններից մեկը միջազգայնացումն է, և մենք կարևորում ենք, որ ՄԿՈւ հաստատություններն այդ գործընթացում ակտիվ ներգրավված լինեն: Այս համատեքստում նշեմ, որ վերջին տարիներին ՄԿՈՒ հաստատությունները հատկապես ակտիվ ներգրավված են էրազմուս+ ծրագրում, ինչը նաև եվրոպական մի շարք հաստատությունների հետ համագործակցության, փորձի փոխանակման և որակի բարելավմանն ուղղված կարևոր գործընթաց է»,-նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ այս բոլոր ուղղություններն իրար փոխլրացնելով՝ ապահովելու են ակնկալվող որակը:

Արաքսիա Սվաջյանը որակի գնահատման տեսանկյունից կարևորել է նաև հավատարմագրման գործընթացը. 40-ից ավելի հաստատություններ արդեն հավատարմագրվել են, որոնցից 6-ը՝ ոչ պետական: «Հավատարմագրման գործընթացը տալիս է ոչ միայն որակը հավաստող վերջնական փաստաթուղթ, այլ նաև հաստատությանը թույլ է տալիս ինքնավերլուծություն և արտաքին կարծիքի վերլուծություն անել: Մենք կարևորում ենք միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, և վստահ եմ, որ Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագրի շրջանակում ունենալու ենք մեծ հաջողություն, որը մեզ համար նախանշային կարևոր նշանակություն է ունենալու՝ հետագա գործընթացներն իրականացնելու տեսանկյունից»,-փաստել է փոխնախարարը:

Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Կրթության ռազմավարության 3 հիմնական ուղղություններն են՝ կրթության բովանդակության բարելավում, դասավանդողների մասնագիտական կարողությունների զարգացումը, կրթական միջավայրի ապահովում: «Բնականաբար, այս երեք բաղադրիչները սերտորեն կապակցված են, և դրանց առկայությունն է ապահովելու կրթության որակ: Շատ կարևոր են նաև աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագիտությունների ցանկի հստակեցումն ու այդ ցանկով շրջանավարտների թողարկումը: Մենք այս տարի վերանայում ենք ՄԿՈՒ հաստատությունների բոլոր մասնագիտությունները, որի շրջանակում դուրս ենք բերել այն մասնագիտությունները, որոնց կարիքն այս պահին մեր տնտեսությունում չկա, ինչպես նաև այն նոր մասնագիտությունները, որոնց կարիքը գործատուներն ունեն, բայց ֆորմալ կրթական համակարգում դեռևս այդպիսի մասնագետներ պատրաստելու ծրագրեր չունենք: Ցանկը դեռևս վերջնական տեսքի բերված չէ, այն կհրապարակվի, երբ ամբողջացվի»,-նշել է փոխնախարարը:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշել է, որ ՀՀ կրթության` մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում նախանշված է շրջանավարտների մասնագիտական զբաղվածության մակարդակը հասցնել 90%-ի։ «Ներկայում կրթության որակը ոչ միայն ուսանողների և ծնողների, այլ նաև գործատուների ուշադրության կենտրոնում է։ Այսօր աշխարհը շեշտադրում է ձևավորող գնահատումը. այն ենթադրում է, որ ուսանողները պետք է պրակտիկ աշխատանք կատարեն ուսման ընթացքում և ստանան հետադարձ կապ՝ բարելավելու իրենց կարողությունները, որպեսզի ավարտելիս ունենան գործատուի պահանջներին համապատասխան կարողություններ»,-նշել է նա՝ ընդգծելով, որ այդ նպատակով ՈԱԱԿ-ը հրավիրել է փորձագետների 12 երկրից, որոնք ՀՀ միջին մասնագիտական կրթական համակարգի գործընկերային գնահատում կիրականացնեն, կուսումնասիրեն ձևավորող գնահատման փորձը և խորհրդատվություն կմատուցեն՝ ինչպես բարելավել այն:

«Միջազգային փորձագետների կողմից խորհրդատվություն ստանալուց հետո ՈԱԱԿ-ը և ողջ ՄԿՈՒ համակարգը ձեռնամուխ կլինեն դրանց իրագործմանը և առկա ձեռքբերումների բարելավմանը: Հույս ունեմ, որ մինչև 2030-ը կմոտենանք սահմանված նշաձողին։ Գործատուներն այս առումով բավական մեծ անելիք ունեն. նրանք պետք է իրենց աշխատողներին ուղղորդեն դասախոսների հետ համատեղ լրացնելու առկա բացը՝ գիտելիքը կարողության վերածելու, որպեսզի ուսանողը դեռևս սովորելու ընթացքում արդեն կարողանա աշխատանքն անել այնպես, ինչպես ակնկալում է գործատուն սկզբնական փուլում»,-նշել է Ռուբեն Թոփչյանը:

Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումի ղեկավար Մունիր Բաատիի խոսքով՝ կազմակերպության նպատակն է աջակցել ԵՄ գործընկեր պետություններին: «7 տարի առաջ ՄԿՈՒ համակարգում որակի ապահովման հարթակ ստեղծեցինք, որին անդամակցում է 20 երկիր։ Հայաստանում դիտարկելու եք ձևավորող գնահատումը կրթական գործընթացում և դրա շուրջ խորհրդատվություն մատուցելու: Մեր փորձագետները որակի ապահովման մասնագետներ են իրենց երկրներում. լինելու են փորձագետներ Վրաստանից, Սերբիայից, Իսրայելից, Մարոկկոյից և այլ երկրներից։ Այցի ավարտին նրանք խորհրդատվություն կմատուցեն՝ մատնանշելով, թե ինչ մարտահրավերներ կան, և ինչպես է հնարավոր հաղթահարել դրանք»,-նշել է բանախոսը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը և ՈԱԱԿ-ն են որոշելու, թե ինչպես կիրառել խորհրդատվությունները։

«ՄԿՈՒ համակարգում շատ երկրներ նույնական խնդիրների են առնչվում, սակայն յուրաքանչյուրը յուրովի է լուծում դրանք։ Մոտեցումները սովորաբար տարբեր են, բայց նաև կան նմանություններ: Եթե մենք դիտարկենք այն համակարգերը, որոնք լավ են աշխատում, կնշեմ դրանց հաջողությունը պայմանավորող 5 բաղադրիչ: Առաջինը՝ կառավարում, երկրորդը՝ աշխատաշուկայի մասին ուսումնասիրության, հետազոտության, տեղեկատվության արդյունավետ համակարգ, երրորդը՝ համակարգի ստանդարտների վերանայում, չորրորդը՝ դպրոցների ինքնավարություն, հինգերորդ բաղադրիչը՝ աշխատանքի վրա հիմնված կրթություն կամ դուալ կրթական համակարգ»,-նշել է բանախոսը։

Ասուլիսի ընթացքում բանախոսները պատասխանել նաև լրագրողների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ՄԿՈւ հաստատությունների շրջանավարտների՝ աշխատանք գտնելուն, աշխատանքի վրա հիմնված ուսուցմանը և այլն:

Նշենք, որ մայիսի 21-23-ը Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ՄԿՈւ որակի ապահովման ֆորումը՝ «Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովում» խորագրով։