ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 22-ին մեկնարկում են երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2024 թվականի միջոցառումները:

Ծրագրի կարևոր նպատակն է ապահովել երաժշտական և արվեստի դպրոցների միջև փորձի փոխանակումը, ստեղծագործական համագործակցության հարթակների ձևավորումը, գեղարվեստական կրթության բնագավառի շահառուների միասնական նպատակների սահմանումն ու իրագործումը՝ մշակութային կրթության ոլորտի, ինչպես նաև տարածքային համաչափ զարգացման գործընթացներում:

Ծրագրի միջոցառումների շրջանակում իրականացվում են փոխայցելություններ, երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտներն ու մանկավարժական աշխատողները հանդես են գալիս համատեղ ծրագրերով, ելույթներով: Կազմակերպվում են վարպետության դասընթացներ, իրականացվում են ճանաչողական այցեր Երևանի և ՀՀ մարզերի տեսարժան վայրեր, պատմամշակութային հուշարձաններ, մշակութային օջախներ:

Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, մեկնարկում է ծրագրի գարնանային շրջափուլը. առաջին միջոցառումը կիրականացվի Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, որտեղ կհյուրընկալվի ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը: Եղեգնաձորի երաժշտական դպրոցի աշակերտներն ու դասատուները ելույթ կունենան Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, կմասնակցեն վարպետաց դասերին, այնուհետև կայցելեն Հայաստանի պատմության թանգարան:

Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրի շնորհիվ Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սովորողները հնարավորություն են ստանում մեկտեղելու իրենց կարողությունները, հանդես գալու համատեղ ստեղծագործական ծրագրերով, նախաձեռնություններով: Մանկավարժների և ոլորտի պատասխանատուների համար այն դարձել է փորձի փոխանակման, խորհրդատվության, հուզող հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպելու և առաջարկություններ ներկայացնելու գործող հարթակ:

Նշենք, որ «Քույր դպրոցներ» ծրագիրն ընդգրկված է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ցանկում՝ որպես մշակութային կրթության ոլորտի նպատակային ծրագիր, ինչի արդյունքում ծրագրի շահառու են դարձել հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների ավելի քան 3500 սովորող և մանկավարժ: