Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի ոլորտային նախարարների հետ:

Թուրքմենստանի մշակույթի նախարար Աթագելդի Շամուրադովի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության բարելավմանն ուղղված մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Թուրքմենստանում հայկական եկեղեցու և Հայաստանում թուրքմենական էմիրների դամբարանի վերականգնմանը: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ հայկական կողմը պատրաստ է վերականգնող մասնագետների խումբ գործուղել՝ տեղում ուսումնասիրություն կատարելու և աշխատանքների մեկնարկը տալու նպատակով:

Ընդգծելով երկկողմ համագործակցության ներուժը՝ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել նաև Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Թուրքմենստանում համերգների շարք իրականացնելու հնարավորությունը:

Աշխաբադում ԿԳՄՍ նախարարը հանդիպումեր է ունեցել նաև Թուրքմենստանի կրթության նախարարի, ինչպես նաև սպորտի կոմիտեի նախագահի հետ։