Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Մասնակիցների հետ խարույկի շուրջ քննարկվել են մրցաշարի կազմակերպմանը, ձևաչափին, մարզերում անցկացված նախնական փուլերի արդյունքներին վերաբերող հարցեր: Մրցաշարի մասնակիցները և նրանց մարզիչներն ընդգծել են՝ նմանօրինակ մրցաշարերը մեծ հետաքրքրություն են վայելում դպրոցականների շրջանում:

Հիշեցնենք՝ վաղը կայանալիք եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 5000 մետր մրցատարածությունը:
Մրցաշարի մարզային փուլերին ՀՀ հանրակրթական 362 ուսումնական հաստատություններից ավելի քան 2400 աշակերտ է մասնակցել: