ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է եղել «Անի․ Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դարերում» մշտական ցուցասրահների պաշտոնական վերաբացմանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ շնորհավորել ոլորտի ներկայացուցիչներին։

Նա կարևորել է ցուցադրության վերաբացումը՝ արժևորելով ներկայացված բացառիկ ցուցանմուշները․ «Շուրջ 4 տարի ընդմիջումից հետո Հայաստանի պատմության թանգարանը կրկին ցուցադրելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված հայկական Անի մայրաքաղաքից բերված, համամարդկային պատմամշակութային արժեք ունեցող հավաքածուի մի մասը։ Թանգարանի հավաքածուում ընդգրկված Անիի մի շարք նյութեր էլ այժմ ցուցադրվում են Վենետիկի հայտնի Դոժերի պալատում՝ Մարկո Պոլոյի մահվան 700-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցահանդեսի շրջանակում»:

Ալֆրեդ Քոչարյանի նշմամբ՝ այս տարի լրանում է Անիի հնադարանի՝ Հայաստանի առաջին գիտական թանգարանի ստեղծման 120-ամյակը։ Լրանում են նաև Անիում պեղումներ իրականացնող հայտնի արևելագետ Նիկողայոս Մառի, նրա գլխավորած հնագիտական արշավախմբի ճարտարապետ Թորոս Թորամանյանի ծննդյան 160-ամյակները, արշավախմբի անդամ անվանի հնագետ Աշխարհաբեկ Քալանթարի ծննդյան 140-ամյակը։

«Միմյանց հաջորդող թեմատիկ ցուցահանդեսները, վերաբացվող մշտական ցուցադրությունները հնարավորություն են տալիս ներկայանալ այցելուներին առավել հարմարավետ, ժամանակակից մոտեցումներով արդիական միջավայրում: Թանգարանների վերանորոգմանն ու արդիականացմանն ուղղված պետական ջանքերը դրական արդյունքն են ապահովում»,- ասել է նախարարի տեղակալը և հիշեցրել տարվա ամենասպասված մշակութային միջոցառմներից մեկի՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության մասին, որը կբացվի Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ինչպես նաև ցուցադրության կազմակերպման աշխատանքներին աջակցած գործընկերներին։

Նշենք, որ ցուցադրության մեջ տեղ են գտել շուրջ 350 առարկա Անիից և Դվինից․ գրակալներ, խաչեր, բուրվառներ, Անիից հայտնաբերված 12-13-րդ դդ․ թվագրվող մանկական մետաքսե վերնազգեստ, խեցեղեն և ապակյա իրեր, մանրակերտներ։ Ներկայացված են նաև կոթողներ՝ Մեղրիի, Հաղարծինի, Նորավանքի, Գառնու, Հովհաննավանքի և Կեչառիսի հուշարձաններից։