ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 19-ին Երևանում երկրորդ տարին անընդմեջ անցկացվել է Հերոսների լիգայի «One Run – First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը, որին 1000-ից ավելի մասնակիցներ են միացել։ Կիսամարաթոնի ընթացքին հետևել և հաղթողներին պարգևատրել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Երևանում մրցավազքն անցկացվել է չորս մրցատարածություններով. 0-12 տարեկան մասնակիցները հաղթահարել են 1 կմ, 13 տարեկան և բարձր մասնակիցները` 5 կմ, 16 տարեկան և բարձր մասնակիցները՝ 10 կմ, իսկ 18 տարեկան և բարձր մասնակիցները՝ 21,1 կմ վազքատարածությունը: Վազքը մեկնարկել է այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից և անցել մայրաքաղաքի մի շարք կենտրոնական հատվածներով:
1 կմ աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել Սուսաննա Վարդանյանը, իսկ տղաների պայքարում՝ Ալեքսեյ Աբրահամյանը։ 5 կմ աղջիկների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել Սաթենիկ Ղազարյանը, իսկ տղաների պայքարում՝ Մհեր Մաշումյանը։ 10 կմ վազքատարածությունն աղջիկների պայքարում առաջինը հաղթահարել է Մայա Կուրևան, իսկ տղաների պայքարում՝ Բալաբեկ Հարությունյանը։ 21,1 կմ՝ կիսամարաթոնային տարածությունն աղջիկների պայքարում առաջինը հաղթահարել է Լիա Էնեզյանը, իսկ տղաների պայքարում՝ Նարեկ Պետրոսյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նմանօրինակ մրցաշարի անցկացումը կարևորել է մասսայական սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի խթանման տեսանկյունից, որը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականություններից է։ Նախարարի տեղակալը շնորհավորել է մրցանակակիրներին և հետագա հաջողություններ մաղթել նրանց՝ ընդգծելով՝ բոլոր նրանք, ովքեր դուրս եկան մեկնարկ, քայլ արեցին դեպի ավելի առողջ կյանք:
Մրցանակակիրները պարգևատրվել են մեդալներով, շապիկներով, վկայականներով և խրախուսական նվերներով: Մրցաշարի անցկացմանը ցուցաբերած աջակցության համար շնորհակալագրով է պարգևատրվել նաև ԿԳՄՍ նախարարությունը;
Նույն օրն ավելի քան 160,000 անձ միացել է «One Run» կիսամարաթոնի մեկնարկին Ռուսաստանի բոլոր մարզերում, որտեղ միջոցառումն իրականացվել է արդեն 8-րդ անգամ, ինչպես նաև շուրջ 30,000 վազորդներ 15 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Բելառուսում, Սերբիայում, Չինաստանում, Բրազիլիայում, Եգիպտոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քաթարում, Բահրեյնում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Նեպալում, Պակիստանում և Կամերունում։
«One Run» կիսամարաթոնը երկու անգամ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես համաժամանակյա մեկնարկով ամենախոշոր կիսամարաթոն: